Foto

«Samsung»-ը շուտով կներկայացնի ճկվող էկրանով առաջին սմարթֆոնը

Հարավկորեական «Samsung» ընկերությունը պատրաստվում է 2019թ. սկզբին ճկվող էկրանով առաջին սմարթֆոնը ներկայացնել: Այդ մասին հայտնում է «The Wall Street Journal»-ը՝ մանրամասնելով, որ սարքը կունենա 7 դյույմ անկյունագծով մեջտեղից ճկվող էկրան:

Նշվում է, որ աշխարհում բջջային հեռախոսների խոշորագույն արտադրողը մտադիր է նորարարությամբ հանդես գալ ու առաջ անցնել շուկայի մրցակիցներից:

Նշվում է, որ ճկվող հեռախոսի նախնական օրինակի կոդային անվանումն է «Winner» («Հաղթող»): Հեռախոսը դրամապանակի պես մեջտեղից ծալվում է՝ չվնասելով մարտկոցը, տեսախցիկներն ու էկրանը:

Ենթադրվում է, որ նորույթը կվաճառվի 1500 դոլարով: Ոլորտի փորձագետների կարծիքով՝ այն նախևառաջ նախատեսված է լինելու գեյմերների համար:

Աղբյուրը հավելում է, որ վաճառքի հաջող ցուցանիշների դեպքում 2019թ. երկրորդ կեսին կսկսվի հեռախոսի զանգվածային արտադրությունը:

Vesti.am