Armsport.am-ը երեկ հրապարակել էր Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի հետ հարցազրույցը: Հարցազրույցի ընթացքում ՀՖՖ նախագահը հայտարարել էր, որ եթե Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանն առաջադրվի ՀՖՖ նախագահի պաշտոնին, ապա ինքը չի առաջադրի իր թեկնածությունը:
Tert.am-ն այսօր այս հարցի վերաբերյալ պարզաբանում է խնդրել ԱԱԾ-ից:
ՀՖՖ նախագահի պաշտոնում Արթուր Վանեցյանի թեկնածությունն առաջադրելու հարցին ԱԱԾ խոսնակ Սամսոն Գալստյանն ասաց. «Այս պահին ձեռնպահ եմ մնում հարցի շուրջ որևէ մեկնաբանություն տալուց, այդ հարցն ուսումնասիրելու, քննարկելու կարիք ունի, որից հետո ԱԱԾ տնօրենը կհայտնի իր դիրքորոշումը»,-Tert.am-ին հայտնել է ԱԱԾ տնօրենի խոսնակը:
Հիշեցնենք, որ երեկ ՀՖՖ նախագահը հայտարարել էր, որ եթե Արթուր Վանեցյանը առաջադրվի ՀՖՖ նախագահի պաշտոնում, ապա ինքը չի առաջադրի իր թեկնածությունը և կոչ կանի, որ ընտրեն Վանեցյանին։
Նշենք, որ ՀՖՖ-ն հասարակական կազմակերպություն է, և ԱԱԾ տնօրենը կարող է ՀԿ ղեկավար լինել: ՀՖՖ նախագահի ընտրության ժողովը նախատեսված է սեպտեմբերին, իսկ այդ օրվան նախորդող 10 օրվա ընթացքում թեկնածուների առաջադրումն է:









