Ռուս պրանկերներ Վլադիմիր Կուզնեցովը (Վովան) և Ալեքսեյ Ստոլյարովը (Լեքսուս) Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունից Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան Կլոդ Յունկերի հետ քննարկել են միջազգային իրավիճակը և հրավիրել են նրան Երևան խորոված ուտելու, հայտնում է «РИА Новости»-ն:
Բացի այդ, նրանք զրուցել են եվրոպական դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինիի հետ: Դատելով զրույցների բովանդակությունից, որոնց ձայնագրությունը հայտնվել է «РИА Новости»-ի մոտ, դրանք տեղի են ունեցել անմիջապես Փաշինյանի ընտրվելուց հետո:
Յունկերի հետ զրույցում Վովանը և Լեքսուսը դժգոհել են ԱՄՆ-ի ճնշումներից: Ի պատասխան, եվրոպացի պաշտոնյան հայտարարել է, որ «մենք ստիպված ենք կրկին ու կրկին բացատրել պարոն Թրամփին, թե ինչպես է աշխարհը կառուցված»: «Նա չի հասկանում, թե ինչ է կատարվում: Եվ մենք պետք է համոզվենք, որ նա կսկսի ավելի լավ գիտակցել Հայաստանում տեղի ունեցողը: Լավ: Ամեն ինչ լավ է: Հաջողություն եմ մաղթում»,- ասել է Յունկերը:
Պրանկերը Եվրոպական հանձնաժողովի ղեկավարին հրավիրել է Երևան, որտեղ «գերազանց հայկական բարբեքյու են պատրաստում, մեզ մոտ այն «խորոված» են անվանում: Վովանը և Լեքսուսը Յունկերին առաջարկել են խորոված պատրաստել Երեւանի հրապարակում և «յուրատեսակ հանրահավաք» անցկացնել: «Վատ չի հնչում: Ես կգամ հաջորդ տարի: Այս տարի այլեւս հնարավոր չէ, իսկ հաջորդ տարի մենք հարմար ժամկետներ եւ հնարավորություն կգտնենք»,- ասել է Յունկերը:
Մոգերինին, իր հերթին, պրանկերների հետ զրույցում Հայաստանի նոր իշխանությունների համար անհրաժեշտ է համարել լավ հարաբերություններ պահպանել բոլոր գործընկերների հետ և որևէ մի երկիր չընտրել՝ ուկրաինական սցենարը չկրկնելու համար: Ընդ որում, նա նշել է, որ Բրյուսելը միշտ չէ, որ աջակցել է նման մոտեցմանը: «Մենք պետք է շատ ուշադիր գործենք և խուսափենք այս ուղղությամբ որևէ զարգացումից: Ընդ որում, պետք է ընդգծել, որ Հայաստանը երկիր է, որն ընտրություն կատարելու իրավունք ունի»,- հայտարարել է Մոգերինին:
Նա հավելել է, որ Բրյուսելը չի խնդրում «բացառիկ պայմաններում» բարեկամության մասին: «Գիտեմ, որ մենք նախկինում այլ մոտեցում ունեինք, սակայն մեզ համար շատ կարեւոր է, որպեսզի դուք զգաք այդ ազատությունը և տարածությունը գործողությունների համար, որպեսզի դուք ստիպված չլինեք ընտրություն կատարել այս կամ այն գործընկերոջ օգտին»,- ընդգծել է Մոգերինին:
Քաղաքական գործիչը հավելել է, որ սա անհրաժեշտ պայման է կառուցողական գործընկերության համար, սակայն «միշտ չէ», որ բոլորը հավատարիմ են մնում նման մոտեցմանը»:
Vesti.am









