Foto

Պետդուման չի կարող որոշել, թե Հայաստանն ինչ անի. Բ. Պիպոյան

ՌԴ Պետդումայի բյուջեի  և  հարկերի  հանձնաժողովը առաջարկել է կառավարությանը տուրք սահմանել օտարերկրյա ինտերնետ-խանութներից գնումներ կատարելու համար:

Vesti.am-ի հետ զրույցում «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը նշեց, որ տեղյակ չէ ռուսական կողմի չափորոշիչներին և նպատակներին:

«Այնտեղ հնարավոր է մաքսազերծման հետ կապված խնդիրներ կան, հնարավոր է շրջանառությունը բերում է նրան, որ տնտեսվարողների վրա բացասական ազդեցություն է ունենում: Այսինքն հավասար բիզնես միջավայր է ստեղծվում տեղի խաղացողների համար»,-նշեց Պիպոյանը՝ հավելելով, որ եթե խնդիրը դեռևս մեզ  մոտ չկա, ապա դա քննարկման առարկա չի կարող լինել:

Նրա խոսքով՝ այդ գործընթացը պետք է քննարկել իր ամբողջականության մեջ:

«Այսինքն, եթե ինչ-որ բան սահմանում են, պետք է հասկանանք նպատակը և ինչ է մեզ տալու: Օրինակ, եթե շուկաները մեր բիզնեսի համար անմրցունակ պայմաններ ստեղծեն, պարզ է չէ՞, որ ինչ-որ բան պետք է անենք, որպեսզի բիզնեսը չխեղդվի: Մենք նախադեպեր ունեցել ենք: Երբ բիզնեսը ստվերից դուրս է եկել, ունեցել ենք գնաճ, հիմա ինչ պետք է անենք, թողնե՞նք բիզնեսը մնա ստվերում: Այսինքն ինչ-որ բանը միակողմանի, առանց պատճառահետևանքային կապերի ուսումնասիրման չի կարելի գնահատել, առավել ևս տալ եզրակացություն»,-շեշտեց նա:

Այն դիտարկմանը, թե ՌԴ-ի հետ նույն ԵԱՏՄ շուկայում ենք և հնարավոր է դա մեզ մոտ էլ կիրառվի, Պիպոյանը նկատեց. «Դրանք մեկը մյուսի հետ կապ չունեն: Պետդուման չի կարող որոշել, թե Հայաստանն ինչ անի: Հետո էլ ԵԱՏՄ-ն ուրիշ բան է, ՌԴ-ն ուրիշ: Ամեն երկիր ինքն է որոշում տուրքեր սահմանե՞լ, թե՞ ոչ: Թե մեր երկրի տնտեսության համար որքանով վտանգներ կան և կառավարությունն ինչ քայլեր պետք է ձեռնարկի, հերթը կհասնի դրան, կգնահատենք»:

Դուսյա Ղազարյան

Vesti.am