Արեգակի վրա նոր հզոր բռնկում է տեղի ունեցել. ըստ Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Տիեզերական հետազոտությունների ինստիտուտի Արեգակնային աստղագիտության լաբորատորիայի տվյալների՝ այն կարող է մեկ կամ երկու ամսվա ընթացքում ամենահզոր մագնիսական փոթորիկը հարուցել։
«Արեգակն արձակել է ընթացիկ ակտիվության աճի շրջանի ամենահզոր բռնկումը՝ M7.0 դասի երևույթ՝ դեպի տիեզերք պլազմայի արտանետմամբ»,-հայտնել է լաբորատորիան իր Telegram-ալիքում։
Նշվում է, որ մինչ այժմ տեղի ունեցած արևային բռնկումները դեռ չեն հասել ամենաբարձր՝ X մակարդակին։
«Ուստի ակնկալվում է, որ ազդեցության հետևանքով առաջացող գեոմագնիսական հետևանքները չեն գերազանցի G3 կարգը։ Սա կարող է լինել վերջին մեկ-երկու ամսվա ընթացքում ամենահզոր մագնիսական փոթորիկը, սակայն ոչ ավելին»,-հավելել են գիտնականները։
Սակայն ներկայումս չկան ճշգրիտ մոդելներ կամ մաթեմատիկական կանխատեսումներ՝ կապված բռնկման հետևանքների հետ։ Լաբորատորիայի համար այժմ առանցքային հարցն այն է, թե արդյոք տեղի կունենա արևային հերթական պայթյունը և արդյոք այն կհասնի X դասի շեմին։









