«Կենսաթոշակային համակարգն ամբողջությամբ բարելավելու, արդյունավետությունը բարձրացնելու հարցը կարևորագույն խնդիրներից մեկն է, իսկ այն համակարգը, որ ներդրվել է Հայաստանում, բազմաթիվ խնդիրներ ունի»: Այդ մասին հուլիսի 17-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՅԴ ԳՄ-ի անդամ Արմեն Գրիգորյանը՝ անդրադառնալով կուտակային կենսաթոշակային համակարգին:
Նա կարևորեց նաև հանրությանը մանրամասների մասին տեղյակ պահելու անհրաժեշտությունը:
«Մեր նպատակն է պարտադիր բաղադրիչի չեղարկումը, պետք է ընդհանրապես չեղարկել այդ օրենքը և ներկայացնել բարելավման նոր կենսաթոշակային համակարգ»,-ասաց նա՝ հույս հայտնելով, որ կառավարությունն իրենց ներկայացրած առաջարկություններով կառաջնորդվի:
ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրերի համակարգող Թադևոս Ավետիսյանի խոսքով էլ՝ կենսաթոշակային համակարգը երկարատև զարգացման դինամիկա ունի, դժվար է անել բարեփոխում՝ առանց ուսումնասիրելու այլ երկրների փորձը:
«Չկա կենսաթոշակային լուծումների ընդհանուր բանաձև, որ կարելի է վերցնել, տեղայնացնել և հասնել հաջողության, քանի որ դրանք բազմագործոն են»,-ասաց նա՝ հավելելով, որ ընդհանուր առմամբ հանրությունն առավելապես կողմ է սերունդների համերաշխության սկզբունքին:
Ներկայացնելով այլ երկրների փորձը՝ նա ասաց, որ ճնշմամբ ընդունված ցանկացած կենսաթոշակային բարեփոխում ձախողվել է, երկար կյանք չի ունեցել, անընդհատ վերանայվել է:
Նա նշեց, որ փորձել են համապարփակ մասնագիտական վերլուծություններ իրականացնել և դրանք ներկայացրել են հնարավոր բոլոր շրջանակներին՝ կառավարության անդամներին, պատգամավորներին:
Ըստ ՀՅԴ տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանի՝ թեև նախկին կենսաթոշակային համակարգը սոցիալական արդարություն չէր ապահովում, սակայն ներկայիս կենսաթոշակային համակարգը ևս չի լուծում այս անարդարությունը, ավելին՝ ավելի մեծ անարդարություն է առաջացնում:
Նրա խոսքով՝ այս համակարգը հակասահմանադրական է, չունի հանրային վստահություն, չունի կառավարման միասնական մարմին:
«Այս համակարգի նկատմամբ վստահությունը կառավարության վստահության հետ կապ չունի, քանի որ այն ապագային է միտված »,-ասաց նա:
Vesti.am









