Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության էներգետիկայի նախարար Ռեզա Արդաքանյանի գլխավորած պատվիրակությանը:
Այդ մասին տեղեկացնում է ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը։
Սարգսյանն ընդգծել է հարևան ու բարեկամ Իրանի հետ դինամիկ զարգացող հարաբերությունները, բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը և համագործակցության հագեցած օրակարգը: Զրուցակիցները մտքեր են փոխանակել հայ-իրանական տնտեսական օրակարգի շուրջ, կարևորել ընթացիկ համատեղ ծրագրերի արդյունավետ իրականացման անհրաժեշտությունը: Նրանք համակարծիք են եղել, որ Իրանի Իսլամական Հանրապետության և Եվրասիական տնտեսական միության միջև ազատ առևտրի ժամանակավոր համաձայնագիրը բազմաթիվ ծրագրեր կյանքի կոչելու նոր հնարավորություններ է ստեղծում:









