Foto

Նոր Հայաստանն արժանի է ԱՄՆ-ի ամենալայն աջակցությանը. ԱՄՆ կոնգրեսական

Նոր Հայաստանն արժանի է ԱՄՆ-ի ամենալայն աջակցությանը, «Ամերիկայի Ձայն»-ին տված հարցազրույցում նշել է Միացյալ Նահանգների կոնգրեսական Ջեքի Կանչելյան-Սպիրը: Նրա խոսքով, կոնգրեսականների և գործադիր իշխանությունների մակարդակով քննարկումներ են անցկացնում Հայաստանին «Հազարամյակի մարտահրավեր» ամերիկյան պետական կորպորացիայի կողմից խոշոր օգնություն տրամադրելու վերաբերյալ:

«Դա բարդ գործընթաց է, հեշտ չի լինելու այդ խոշոր օգնության վավերացումն ստանալ, սակայն, ես զգույշ լավատեսությամբ եմ լցված»,- ասել է նա:

«Հազարամյակի մարտահրավերի» հաստատման դեպքում Հայաստանին կարող է տրվել ավելի քան 100 միլիոն դոլարի օգնություն:

Կոնգրեսականի խոսքով, իր լավատեսության աղբյուրը նոր Հայաստանն է: Հայաստանի քաղաքացին, ով խաղաղ հեղափոխությամբ դուրս եկավ խորհրդային ավտորիտար և կոռուպցիոն ժառանգության ստվերից։

«Սկզբում ես մտահոգ էի, անհանգստանում էի, որ այդ իրադարձությունները Հայաստանը հետ կմղեն, որ կարող է արյունահեղություն լինել:

Հետո՝ տեսա թե իրականում ինչ է կատարվում և դա կարծես հրաշք լիներ. Մեկ քար չի նետվել, մեկ ատրճանակ չի կրակել: Այդ հեղափոխությունը կարծես տոնակատարություն լիներ: Երբ փոքր երեխաներն իրենց խաղալիքներով փակում էին փողոցները՝ այդ ամենն ուղղակի անհավատալի դրական զգացմունքներ էր արթնացնում».– ասել է կոնգրեսականը:

Միացյալ Նահանգները հետաքրքրված է, որ Հայաստանը ծաղկի և բարգավաճի, ասում է նա: ԱՄՆ-ը կարող է օգնել Հայաստանին ինքնուրույն ապահովել սեփական էներգետիկ կարիքները, նոր աշխատատեղեր ստեղծել՝ օգտագործելով նորագույն տեխնոլոգիաները, նշում է կոնգրեսական Կանչելյան-Սպիրը, ով ներկայացնում է տեխնոլոգիաների առաջատար Սան Ֆրանցիսկոն։

«Գուցե, մենք կարող ենք ուղարկել Իլոն Մասկին, ով Հայաստանում արեգակնային էներգիան կզարգացնի և վերջ կդնի երկրի կախվածությանը արտերկրի էներգակիրներից: Գուցե, կարող ենք ուղարկել Մարկ Ցուկերբերգին, ով կօգնի զարգացնել բարձր տեխնոլոգիաները: Հայաստանի տաղանդավոր երիտասարդները կարող են երկիրը համաշխարհային տեխնոլոգիաների կենտրոնի վերածել, եթե նրանց տրվեն այդ միջոցները»:

Առաջիկա ամիսներին Ջեքի Կանչելյան-Սպիրը նախատեսում է Հայաստան բերել Միացյալ Նահանգների կոնգրեսականների ևս մի խումբ՝ ԱՄՆ-ի օրենսդիրներին Հայաստանը ներկայացնելու և անձամբ ծանոթանալու Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:

«Դա անչափ կարևոր այց է լինելու: Ես ցանկանում եմ մեր աջակցությունը ցուցաբերել Հայաստանի քաղաքացիներին, Հայաստանի նոր կառավարությանն ու նոր վարչապետին»,– ասել է կոնգրեսականը: