Կառավարության նիստին այսօր քննարկվեց «Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունների նախագծի մասին հարցը:
Տնտեսկան զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը նշեց, որ առաջարկվում է մեծածախ և մանրածախ առևտուրը տարանջատել առևտրային ցանցերում, ինչը թույլ կտա, որ փոքր սուբեյկտները կարողանան մրցակցել առևտրային ցանցից դուրս:
«Գաղափարը մեզ համար ընդունելի է, քանի որ Կառավարության կարևոր ուղերձներից մեկն է եղել, սակայն կարգավորմամբ առաջարկված ձևակերպումները փոփոխության անհրաժեշտություն ունեն»:
Նախարարը նշեց, որ առևտրային ցանցը բնորոշվում է որպես երկու կամ ավելի առևտրային օբյեկտների համախումբ, որոնք գտնվում են ընդհանուր կառավարման ներքո կամ գործում են միևնույն ապրանքային նշանի կամ անհատականացման այլ միջոցի ներքո։ Միաժամանակ, նշված օրենքի 6-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` ընդհանուր 1.5 մլրդ դրամը գերազանցող տարեկան շրջանառությունը ընդհանուր կառավարման ներքո գտնվող կամ տվյալ տնտեսվարող սուբյեկտին պատկանող կամ նրա կողմից օգտագործվող միևնույն ապրանքային նշանի կամ անհատականացման այլ միջոցի ներքո գործող չորս կամ ավելի առևտրային օբյեկտների համախումբը (առևտրային ցանց) գերիշխող դիրք ունեցող բնորոշելու չափանիշ է: Այսինքն` նշված օրենքի իմաստով երկու կամ ավելի առևտրային օբյեկտների ընդհանուր կառավարման ներքո գտնվելը կամ միևնույն ապրանքային նշանի կամ անհատականացման այլ միջոցի ներքո գործելն արդեն իսկ բավարար է այդ օբյեկտների համախումբն առևտրային ցանց բնորոշելու համար: Միաժամանակ հստակեցման կարիք ունի այն հանգամանքը, թե իրացման տարեկան շրջանառությունը որոշելու համար հիմք է ընդունվելու հարկ վճարողի նախորդ, թե ընթացիկ տարվա իրացման շրջանառությունը, թե նկատի է առնվում այլ մոտեցում:
Ըստ այդմ, կարծում ենք, որ վերոնշյալ փոփոխության անհրաժեշտությունը լրացուցիչ հիմնավորման կարիք ունի, քանի որ նախագծին կից ներկայացված հիմնավորումից պարզ չէ, թե ինչ նպատակով է առաջարկվում իրացման տարեկան շրջանառությունը ևս դիտարկել առևտրային օբյեկտների համախումբը որպես առևտրային ցանց բնորոշելու չափանիշ:
Նախագծի 2-րդ հոդվածով նախատեսվում է առևտրային օբյեկտների տեսակների ցանկում ավելացնել նաև առևտրային ցանցերը: Այս կապակցությամբ հարկ է նշել, որ առևտրային ցանցի` նախագծի 1-ին հոդվածով սահմանվող հասկացությունից բխում է, որ վերջինս ոչ թե առևտրային օբյեկտի առանձին տեսակ է, այլ երկու կամ ավելի առևտրային օբյեկտների համախումբ:
Նախագծի 3-րդ հոդվածով սահմանվում է, որ առևտրի օբյեկտներում մանրածախ առևտուր չեն կարող իրականացնել ներմուծող և մեծածախ առևտուր իրականացնող իրավաբանական անձիք և անհատ ձեռնարկատերերը։
Նախագծի 4-րդ հոդվածով ամրագրվում է, որ առևտրային ցանցերում մանրածախ առևտրի իրականացումը դադարեցվում է շաբաթ և կիրակի օրերին ժամը 20։00-ից մինչև ժամը 22։00-ն ընկած ժամանակահատվածում։ Կարծում ենք, որ վերոգրյալ դրույթը լրացուցիչ հիմնավորման կարիք ունի: Մասնավորապես՝ ինչ չափանիշների հիման վրա է նախատեսվել հենց նշված ժամերին առևտրի իրականացումը դադարեցնելու վերաբերյալ կարգավորումը: Բացի դրանից, հաշվի առնելով այն հանգամանքը, որ տվյալ առաջարկը կարող է էական ազդեցություն ունենալ գործարար միջավայրի վրա՝ կարծում ենք, որ վերջինիս հիմքում պետք է լինի հստակ վերլուծություն, որը, ըստ էության, բացակայում է։
Նախագծով առաջարկվող սահմանափակումների կիրառման համար բացակայում են պատասխանատվության միջոցները, ինչի պարագայում առաջարկվող կարգավորումները կիրառելի չեն լինելու:
Այդուհանդերձ, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված օրենսդրական տեխնիկայի կանոնների պահանջները նկատի առնելով, առաջարկում ենք նախագծի 1-ին հոդվածում «ավելացնել» բառը` փոխարինել «լրացնել» բառով, իսկ «հետևյալ խմբագրությամբ» բառերը` «հետևյալ բովանդակությամբ» բառերով:
Արծվիկ Մինասյանն ասաց, որ քնարկում է իրականացվել նախագծի հեղինակների հետ: Օրինագծի հեղինակ Միքայել Մելքումյանի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ այս տեսքով այն ընդունելի չէ և համատեղ աշխատանքի արդյունքում միասնական մոտեցում ցուցաբերենք այս հարցում: Խնդրում եմ հավանություն տալ և ուղարկենք ԱԺ:
Նիկոլ Փաշինյանն էլ ասաց, որ լրջորեն աշխատում են ՓՄՁ-ների աջակման հարցում և վաղը նրանց աջակցման թեմայով խորհրդակցություն է հրավիրել:
«Փոքր և միջին բիզնեսը լուրջ աջակցման կարիք ունի Հայաստանում և Կարավարությունը միջոցներ է ձեռնարկելու դրա համար, դա կարծում եմ միանշանակ է»,-ասաց Փաշինյանը:
Vesti.am









