«Ամուլսարի» հանքավայր տանող ճանապարն արդեն երեք օր շարունակ փակ է: Ջերմուկցիներն իրենց պահանջը հստակ են ձևակերպում՝ չեղարկել հանքի շահագործման համար կառավարության կողմից տրամադրված լիցենզիան: Վերջիններս ընդգծում են՝ պայքարելու են այնքան, քանի դեռ հանքի շահագործման ծրագիրը չի կասեցվել:
Փակ ճանապարհների պատճառով՝ «Լիդիան» ընկերության աշխատակիցներն արդեն քանի օր է չեն կարողանում շարունակել շինարարական աշխատանքները: Ստացվում է՝ մի կողմում Ջերմուկի ու տարածաշրջանի էկոհամակարգի ճակատագրով մտահոգված քաղաքացիներն են, մյուս կողմում՝ տնտեսավարողը, որ փաստի առաջ է կանգնել:
Խնդրին համալիր լուծում տալու համար ջերմուկցիները մոտ տասն օր առաջ հանդիպել էին առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանին, որի ընթացքում պայմանավորվածություն էր ձեռք բերվել, որ հանձնաժողով կստեղծվի, ինչն էլ իր խոշորացույցի տակ կառնի հանքի շահագործումից բխող բոլոր ռիսկերը: Ավելին՝ մեզ հետ զրույցում ջերմուկցիները հույս էին հայտնել, թե Փաշինյանի կառավարությունը կլսի իրենց, ամեն բան կհարթվի, կգնա:
Vesti.am-ը Կառավարությանից փորձեց տեղեկանալ, թե ինչ եղավ համապատասխան հանձնաժողովի ստեղծման ճակատագիրը, քանի որ այն մինչ այս պահը, կարծես թե, չի ձևավորվել: Բնապահպանական խնդիրներով զբաղվող փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից մեզ տեղեկացրին՝ Միրզոյանի ու քաղաքացիների հանդիպման ժամանակ արձանագրվել է, որ առաջնորդվելու են բոլոր մտահոգությունները քննարկելու սկզբունքով: Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի օգնական Միքայել Նահապետյանը մեզ տեղեկացրեց, որ այժմ ուղղակի Կառավարությանը պետք է հնարավորություն տալ խնդիրները պարզելու համար:
«Այդ ժամկետի համար ընտրվել էր միջինը 20 օր, բայց հիմա ճանապարհները փակված են, ու քաղաքացիները արհեստական խոչընդոտներ են ստեղծում շինարարական փուլի համար, ինչը ձեռնարկատիրոջը բողոքելու հիմք է տվել: Ձեռնարկատերն էլ իր հերթին ակնկալում է, որ պետությանը, օրենքով սահմանված կարգով, կպաշտպանի իր իրավունքները»,- ասաց Նահապետյանը:
Վրույր Սևակ









