Foto

Վրաստանում արդեն 2-րդ օրն անընդմեջ լայնածավալ հոսանքազրկումներ են․ կանգ են առել գնացքներն ու մետրոն

Վրաստանում արդեն երկրորդ օրն անընդմեջ տեղի են ունենում էլեկտրաէներգիայի լայնածավալ անջատումներ, հայտնում է Bm.ge-ն։

Լրատվամիջոցի տվյալներով՝ Վրաստանի մի շարք շրջաններում էլեկտրամատակարարումը դադարել է առավոտյան մոտ 08:10-ին։

Վրաստանի պետական էլեկտրաէներգետիկ համակարգի տվյալներով՝ երկրում էլեկտրաէներգիայի սպառումը կտրուկ նվազել է՝ 1,4 հազար ՄՎտ-ից հասնելով 360 ՄՎտ-ի։

TACC-ի փոխանցմամբ՝ էլեկտրաէներգիա չկա Թբիլիսիում, Օզուրգեթիում, Փոթիում և Ռուսթավիում։ Մայրաքաղաքի փողոցներում չեն աշխատում լուսարձակներն ու լուսացույցները, իսկ որոշ շրջաններում էլեկտրաէներգիայի անջատման հետևանքով դադարեցվել է նաև ջրամատակարարումը։

Sputnik Georgia-ի հաղորդմամբ՝ ամբողջ երկրում կանգ են առել գնացքները, իսկ Թբիլիսիում չի գործում մետրոպոլիտենը։

Անջատումների պատճառների վերաբերյալ պաշտոնական հայտարարություն դեռևս չի հրապարակվել։

Հիշեցնենք, որ հուլիսի 24-ի գիշերը էլեկտրացանցերում տեղի ունեցած վթարի հետևանքով էլեկտրամատակարարումը դադարեցվել էր ինչպես Վրաստանում, այնպես էլ Աբխազիայում։ Աբխազիայի էներգետիկայի նախարարության տվյալներով՝ պատճառը եղել է Ինգուրի հիդրոէլեկտրակայանում տեղի ունեցած վթարը, որը գտնվում է Վրաստանի վարչական սահմանի մոտ։