Foto

«Լիդիանի» ներկայացրած հիմնավորումները համոզիչ չեն. գիտնականները՝ «Ամուլսարի» մասին

«Ամուլսարի» ծրագրի էկոլոգիական ռիսկերը հայտնվել են նաև միջազգային փորձագետների ու գիտնականների ուշադրության կենտրոնում, որոնք դեռևս անցած տարվա հուլիսին իրենց նշանառության տակ են առել «Լիդիան» ընկերության էլեկտրոնային կայքում առկա փաստաթղթերը:

Միջազգային չորս գիտնական-փորձագետ՝ Ավստրալիայից, ԱՄՆ-ից և Կանադայից, ԱՄՆ-ում բնակվող Հարութ Բրոնոզյանի պատվերով ուսումնասիրել ու հետազոտել են «Լիդիան» ընկերության բոլոր փաստաթղթերը՝ կապված «Ամուլսարի» ծրագրի հետ, ինչն էլ այսօր ներկայացնում էին հայաստանյան բնապահպաններին, ջերմուկցիներին ու խնդրով հետաքրքրված այլ անձանց:

Քննարկմանը ներկա գիտնական Էնն Մաեսթը հավաքվածներին փոխանցեց հանքի շահագործման հետ կապված իրենց կանխատեսումները: Նա ասաց, որ ըստ «Լիդիանի»՝ Ամուլսարում պարզ կառուցվածք ունեցող երկրաբանություն է լինելու, քանի որ վերին ու ստորին շերտի ապարներն իրար հետ կապակցված չեն, այնինչ՝ ըստ իրենց հետազոտությունների՝ վերին շերտի ապարները խառնված ստորին շերտի ապարների հետ: Վերջինս փոխանցեց նաև, որ խնդիր կա ապարների թթվայնության հետ:

«Ըստ ներկայացվածի՝ թթվայնությունը  ցածր է, սակայն մեր հետազոտությունները ցույց են տվել, որ այն ցածր լինել չի կարող: Ապարներում հավասարակշռություն չկա, և ավելի շատ են թթու արտադրող ապարները»,- ասաց տիկին Մաեսթը՝ հավելելով՝ «Լիդիանի» ուսումնասիրությունում, առհասարակ, շատ անորոշություն կա:

Վերջինս տարօրինակ համարեց նաև «Լիդիան» ընկերության այն պնդումը, թե հանքն ազդեցություն չի ունենա Ջերմուկի ու տարածաշրջանի ջրային համակարգի վրա:

«Լիդիանը կանխատեսումներ է արել, թե ինչպիսի ջուր է դուրս գալու կոշտ թափոնների լցակույտից, ինչը մտահոգվելու տեղիք է տալիս: Եվ ստացվում է, որ այս տարածքում անդադար ջրերի մաքրում պետք է իրականացնել»,- ասաց բանախոսը՝ ընդգծելով, որ Ամուլսարի նախագիծը մեծ և բարձր սպառնալիք է տարածաշրջանում առկա ջրային պաշարի որակին:

Քննարկման մյուս բանախոսը՝ գիտնական Անդրե Սոբոլևսկին, նշեց, որ ըստ իր գնահատումների՝ հանքի շահագործումից առաջ եկող հիմնական մտահոգությունն այն է, որ պետք է մաքրվի պոչանյութից առաջացած թթվային ջուրը՝ չթողնելով, որ այն բնական միջավայր հոսի:

«Լիդիանի» առաջարկած միջոցառումները ջրի մաքրման պասիվ համակարգ են ենթադրում, իսկ ես պնդում եմ, որ նման հանքի պարագայում պահանջվում է մաքրման ակտիվ համակարգ»,- ասաց նա:

Բանախոսն ասաց նաև՝ եթե հանքը շահագործվի իսկ հետո որոշում լինի դադարեցնել շահագործումը, ապա նույնիսկ այս հարցում է «Լիադանը» խնդիրներ ունենալու, քանի որ ընկերության ներկայացրած ռեկուլտիվացման ծախսերի համար նախատեսված բյուջեն քիչ է: Իսկ եթե «Լիդիանը» ձախողի, ապա ռեկուլտիվացիոն աշխատանքների համար անհրաժեշտ ծախսերը, ըստ պարոն Սոբոլևսկու, մնալու են հայաստանցիների ուսերին:

Vesti.am