«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ դատախազության 2025 թվականի գործունեության մասին հաղորդումը բացում է զինված ուժերի ներսում կուտակված լուրջ խնդիրների հերթական շերտը։ Թեև առանձին ցուցանիշներով արձանագրվել է որոշակի նվազում, ընդհանուր պատկերը շարունակում է մնալ խիստ մտահոգիչ։
2025 թվականին զինված ուժերում և զորամասերում արձանագրվել է 2248 դեպք՝ նախորդ տարվա 2093-ի դիմաց։ Այսինքն՝ մեկ տարվա ընթացքում դեպքերն աճել են 155-ով կամ 7.4 տոկոսով։
Ամենաաղմկահարույց աճը վերաբերում է պատահարներին։ Եթե 2024 թվականին արձանագրվել էր 762 պատահար, ապա 2025-ին այդ թիվը հասել է 1027-ի։ Սա նշանակում է 265 դեպքով կամ 34.8 տոկոսով կտրուկ աճ՝ փաստ, որը դժվար է բացատրել պատահականությամբ։
Թեև ընդհանուր հանցագործությունների թիվը որոշ չափով նվազել է՝ 1331-ից դառնալով 1221, դա իրավիճակը դրական ներկայացնելու հիմք չի տալիս։ Այո, նվազել են ծանր և առանձնապես ծանր հանցագործությունները՝ 217-ից հասնելով 143-ի, բայց միաժամանակ պահպանվում է բարձր քրեական ֆոնը, իսկ մի շարք ուղղություններով վիճակը նույնիսկ վատթարացել է։
Մասնավորապես, աճել են զինվորական ենթակայության և կանոնակարգային հարաբերությունների դեմ ուղղված հանցագործությունները՝ հասնելով 351 դեպքի։ Զգալի աճ կա նաև ռազմական գույքի օգտագործման և պահպանման կանոնների խախտումների մասով՝ 47 տոկոս։









