Ջերմուկցիները մեկ օր շարունակ փակ են պահում դեպի Ամուլսար տանող ճանապարհը՝ խոչընդոտելով հանքի շահագործման նպատակներով այնտեղ մեկնարկած շինարարական աշխատանքները: Հիշեցնենք, որ վերջին տասն օրվա ընթացքում սա ճանապարհ փակելու երկրորդ դեպքն է: Այն ժամանակ ջերմուկցիներին հաջողվել էր հանքի ճանապարհն անհասնաելի պահել չորս օր:
Vesti.am կապ հաստատեց հանքի ճանապարհը փակած ջերմուկցի Վազգեն Գալստյանի հետ: Նա մեզ տեղեկացրեց, որ իրենց պահանջը մեկն է՝ հանքի շահագործման դադարեցում:
«Հանքի շահագործման համար բոլոր լիցենզիաները տրված են: Իրենք այս պահին գործարանի ու պոչամբարի տարածքն են սարքում, շինարարական աշխատանքների մեջ են, որպեսզի աշնանը կամ մյուս տարվա գարնանն արդեն շահագործեն»,- ասաց նա:
Անդրադառնալով ակտիվիստների ու ոստիկնապետ Վալերի Օսիպյանի հեռախոսազրույցին` Գալստյանն ասաց. «Նա մեզ առաջարկում էր բացել ճանապարհն ու հանդիպել վարչապետի հետ: Մենք մերժեցինք Օսիպյանի՝ ճանապարհը բացելու հորդորը, բայց ընդունեցինք վարչապետի հետ հանդիպման առաջարկը»,- ասաց մեր զրուցակիցը:
Vesti.am-ին Գալստյանը տեղեկացրեց նաև, որ այս պահին Երևանի ճանապարհին են: Նրանք 10–15 հոգով գալիս են մայրաքաղաք, տեղում քննարկելու իրենց անելիքներն ու հանդիպելու Նիկոլ Փաշինյանի հետ: Թե ինչ են խոսելու վարչապետ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ, վերջինս դժվարացավ ասել:
«Նույնիսկ Փաշինյանը չի կարող երաշխավորել, թե մեզ հետ ինչպես կբանակցի»,- հավելեց մեր զրուցակիցը:
Մեր հարցարդմանը, թե ինչպես կմեկնաբանի «Լիդիան Արմենիայի» ղեկավար Հայկ Ալոյանի այն պնդումը, թե այդ ամենը սադրանք է ընկերության նկատմամբ, Վազգեն Գալստյանն այսպես արձագանքեց. «Մենք ծանոթ ենք ընկերության նրկայացրած ծրագրին, և, այո, ոչ ոք չի հերքում, որ այդ ծրագիրը հայաստանյան հանքարդյունաբերության ոլորտում լավագույնն է: Բայց մեր խնդիրն այն է, որ դեմ ենք իրենց առաջարկած հանքարդյունաբերական մոդելին: Ջերմուկի բնակիչներն այժմ երկու կարևոր դրույթ են առաջ տանում: Նախ՝ հանրային կածիքը հաշվի չի առնվել: Եվ նրանք, իմանալով, որ բնակչությունն ի սկզբանե դեմ է այդ ծրագրի իրագործմանը, մեզ հետ նախապես հանդիպում չեն նախաձեռնել: Եվ հետո՝ տարածաշրջանի զարգացման համար հարկ չկա հանք բացելու, քանի որ Ջերմուկի զարգացումը տեսնում ենք բացառապես զրբոսաշրջությունը գերակա շահ ճանաչելու մեջ: Հետևաբար, պետք է արդեն իսկ եղածը զարգացնել, այլ ոչ թե խցկվելով այստեղ՝ փչացնել բնությունն ու տուրիզմը»,- ամփոփեց Գալստյանը:
Vesti.am









