«Եթե 90-ականներից սկսած առանձին ապրանքային շուկաներում ունեինք իշխող, մենաշնորհ դիրք ունեցող տնտեսվարող սուբյեկտներ, մասնավորապես՝ ալյուր, դիզելային վառելիք, բենզին, ձեթ, կարագ և այլն, ապա վերջին տարիներին դիտվում է մանրածախ առևտրի համակենտրոնացման աճ»: Հունիսի 5-ին, «Կառավարության հակակոռուպցիոն գործողությունները․ ինչպե՞ս հավաքել թաքցված հարկերը և խուսափել թանկացումներից» հանրային քննարկման ժամանակ այդ մասին ասաց ՀՅԴ Տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանը:
Նա մանրամասնեց, որ սուպերմարկետներին բաժին է ընկնում մանրածախ առևտրի տեսակարար ավելի մեծ կշիռ, դրանք անընդհատ ավելացնում են իրենց կշիռը մանրածախ առևտրի ոլորտում, ինչը հանգեցնում է բազմաթիվ փոքր և միջին տնտեսվարող սուբյեկտների գործունեության դադարին:
Ըստ բանախոսի՝ 2017թ. ընթացքում մանրածախ առևտուրը գրանցել էր 5.5% տնտեսական աճ, սակայն միևնույն ժամանակ 2017 թվականի ընթացքում գրանցվել է 1000-ից ավելի փոքր և միջին կրպակների գործունեության դադար:
Ըստ տնտեսագետի՝ ներկայումս գերիշխող տնտեսվարող սուբյեկտների ազդեցությունը ՀՀ տնտեսության վրա շատ մեծ է, նրանք պետության մեջ պետություն են դարձել, երբ որ նրանց հարվածում ես, ամբողջ տնտեսությունն սկսում է ցնցվել, ինչն էլ տեղի ունեցավ հատկապես վերջին շաբաթվա ընթացքում՝ գների աճ, խուճապային տրամադրություններ և այլն:
Ըստ բանախոսի՝ ԱԱԾ-ի կողմից օպերատիվ քննչական գործողությունները հանրությանը ներկայացրին իրական պատկերը, որոնց հիման վրա կարելի է որոշակի տնտեսական վերլուծություններ և հետևություններ անել, սակայն մտահոգիչն այն է, որ ԱԱԾ-ի գործողությունները համակարգված չեն տնտեսական բլոկի հետ:
«Այս պրոցեսները պետք է շարունակվեն, բայց պետք է լինեն համակարգված՝ մյուս գերատեսչությունների հետ համահունչ, հակառակ դեպքում մենք խնդիրներ կունենանք»,-ասաց նա:
Vesti.am









