Foto

Բացահայտումը կլինի այն, որ տեսնենք բաներ, որոնց մասին չենք իմացել. Բաբկեն Թունյան

«Այս պահին մենք դեռ տեսել ենք երկու մեծ թեմա՝ մաքսազերծման հետ կապված հարցն ու «սիթիները»: Հունիսի 5-ին, «Կառավարության հակակոռուպցիոն գործողությունները․ ինչպե՞ս հավաքել թաքցված հարկերը և խուսափել թանկացումներից» հանրային քննարկման ժամանակ այդ մասին ասաց տնտեսական մեկնաբան Բաբկեն Թունյանը:

Ըստ նրա՝ այս երկու թեմաներն էլ, մեծ հաշվով, այնքան էլ բացահայտում չէին, որովհետև այդ մեխանիզմները բոլորին էին հայտնի:

«Կարծում եմ՝ պետք է մտնել բոլոր ոլորտները: Բացահայտումը մեզ համար կլինի այն, որ տեսնենք բաներ, որոնց մասին չենք իմացել, իսկ նման բաներ հաստատ կլինեն: Պետք է խտրականություն չդրվի, թե բիզնեսը, կամ պաշտոնյան որ քաղաքական թիմին է պատկանում: Այսինքն, եթե ստուգում են Սամվել Ալեքսանյանի բիզնեսները, նույն կերպ պետք է բոլոր օլիգարխ պատգամավորների, ընդհանրապես բոլորի բիզնեսներում պետք է ուսումնասիրություն կատարվի։ Դա կարևոր է նրանով, որ ոչ միայն ստվերային կոռուպցիոն մեխանիզմները մաքրվեն, այլև մենք հստակ պատկերացնենք մեր տնտեսության վիճակը»,-ասաց նա:

Թունյանի կարծիքով՝ ուշադրությունը պետք է սևեռել ոչ միայն ներմուծման և առևտրի ոլորտների վրա, քանի որ գտնում է, որ մի շարք այլ խնդրահարույց ոլորտներ էլ կան: Որպես խնդրահարույց ոլորտ, օրինակ, բերեց պետական գնումների ոլորտը և հույս հայտնեց, որ հետագայում կզբաղվեն այդ ոլորտով: Տնտեսագետի համար կարևոր է ստուգումներ իրականացնելիս խտրականության բացառումը:

Տնտեսագետը միաժամանակ ընդգծեց՝ եթե այսօր սուպերմարկետներն աշխատում են ԱԱՀ-ով և այնքան ռեսուրս ունեն, որ կարող էին գներն իջեցնել, նշանակում է, որ այսքան ժամանակ աշխատում էին գերշահույթով:

«Այստեղ ՏՄՊՊՀ-ն մեծ գործ ունի անելու»,-նկատեց նա:

Բաբկեն Թունյանը, սակայն, միաժամանակ հավելեց, որ եթե բիզնեսներին այնքան  հարկեն, որ դրանք գնան փակման, դրանից ոչ ոք չի շահի:

«Բիզնեսին պետք չի նայել որպես ժողովրդի թշնամիներ»:

Առանձնացնելով շաքարավազի շուկայում մոնոպոլիայի երևույթը, նա ընդգծեց, որ պետք է օրենքն այնպես ձևակերպել, որ ներկրողը չկարողանա նաև մանրածախ առևտրով զբաղվել: Տնտեսագետը միաժամանակ նկատեց, որ օրենքում փոփոխություններ անելիս պետք է առավելագույնս բոլորի շահերը հաշվի առնելով առաջնորդվել:

Vesti.am