Foto

Կառավարությունը պետք է ավելի խստացնի գործողությունները. տնտեսագետ

Կառավարությունը պետք է ավելի խստացնի գործողությունները: Հունիսի 5-ին, «Կառավարության հակակոռուպցիոն գործողությունները․ ինչպե՞ս հավաքել թաքցված հարկերը և խուսափել թանկացումներից» հանրային քննարկման ժամանակ այդ մասին ասաց տնտեսագետ Վահագն Խաչատրյանը:

Նրա խոսքով՝ պետք է ավելի լայնամասշտաբ գործողություներ իրականացվեն, քանի որ այն պատկերացումները, որ ունեինք ստվերի մասին, իրականում շատ ավելին է:

«Սա վերաբերում է, համոզված եմ, բոլոր բնագավառներին: Ցանկացած բնագավառ, որտեղ մատը դնեն և որոշեն, որ պետք է ուսումնասիրություններ անել, կպարզվի, որ կոռուպցիա կա: Մի կարևոր հանգամանք՝ պարզվեց, որ ոչ թե գործարարների կողմից է կատարվում այդ ամենը, այլ կոռուպցիոն ռիսկեր կան օրենքների մեջ, երբ հնարավորություն են տվել շրջանցել հարկային դաշտը»,-ասաց տնտեսագետը:

Հաջորդ քայլը, ըստ նրա՝ պետք է լինի այն, որ Կառավարությունը պետք է փոքր բիզնեսի խնդիրներով զբաղվի, որովհետև նրանք ոչ միայն անհավասար պայմաններում են հայտնվել, այլ շատ զարմանալի է, որ կարողանում են գոյատևել:

«Եթե ես այսօրվա կառավարության տեղը լինեի, առաջին հերթին կլուծարեի ՏՄՊՊՀ-ն, քանի որ այդ հանձնաժողովի արդյունավտությունը չեմ տեսնում, ուղղակի նրանք տարեկան 400 մլն դրամ ծախսում են գոյատևելու համար»:

Նրա դիտարկմամբ՝ այս ամենի մեղավորը նախորդը չի, այլ նախորդի նախորդը, կամ դրանից նախորդը և բոլորը պետք է գան, բացատրեն:

Ինչ վերաբերում է փաստին, որ կոռուպցիոն սխեմայի բացահայտումից հետո որոշ սուպերմարկետներ ժամանակավորապես բարձրացրին մի շարք պարենային ապրանքների գները, Վահագն Խաչատրյանը նկատեց. «Դա նշանակում է, որ մանրածախ գները ինչ-որ տեղից են սահմանվում: Անընդունելի է, որ սուպերմարկետները կարող են պետության և սպառողների հետ այդ լեզվով խոսել: Եթե երեք օր մենք այդ թանկացած միսն ու միրգը չառնեինք, ի՞նչ էին անելու: Այդ մարդիկ կայացել են որպես գործարար ոչ թե նրա շնորհիվ, որ խելամիտ են, այլ որ մոտ են կանգնած եղել քաղաքական ղեկավարությանը»:

Հարցին՝ կկարողանա՞ Նիկոլ Փաշինյանը մինչև վերջ գնալ բացահայտումների առումով, Վահագն Խաչատրյանը պատասխանեց.

«Կարծում եմ, Նիկոլ Փաշինյանն ուղղակի ճակատագրի բերումով, կամ ինչ, այդ միսիան վերցրել է իր վրա և մինչև վերջ պետք է տանի: Պայքար կոռուպցիայի դեմ. այս աշխատանքն է, որ մինչև վերջ պետք է տարվի: Եթե այն խաղի կանոնները, որոնք Հայաստանում եղել են, շարունակեն գործել, դրական սպասումների մասին խոսք լինել չի կարող»:

Vesti.am