Սփյուռքի նորանշանակ նախարարը կասկածանք է հայտնում նախարարության արդեն իսկ հաստատված ծրագրերի, մասնավորապես «Արի տան», «Իմ Հայաստանի» և սփյուռքի ամառային դպրոցի բյուջեների մասով, ինչի պատճառով էլ հետաձգվում են այդ ծրագրերի իրականացումը:
Նա այսօր լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ տեղյակ պահեց, որ մանրամասն ծանոթացել է տենդերների ընտրման մեխանիզմներին ու որոշ կասկածներ են առաջացել իր մեջ՝ կապված դրանց կազմակերպման ու իրականցման հետ:
«Ես առնվազն չեմ բացառում, որ 2018-ի բյուջով արված ծրագրերում կարող են առկա լինել կոռուպցիոն ռիսկեր, բայց քանի որ մենք պատասխանատու ենք հարկատուների առաջ, ապա որոշեցինք համալիր ուսումնասիրություն կատարել՝ տեսնելու համար, թե ինչպես է բաշխվել բյուջեն: Նախարարության ամեն մի քայլ պետք է լինի թափանցիկ ու հաշվետու»,- ընդգծեց նախարարը՝ հավելելով, որ պետական վերահսկողության ծառայության պետին խնդրել են ուսումնասիրություն կատարել նախարարությունում՝ բացահայտելու հնարավոր կոռուպցիոն ռիսկերը:
Վերջինիս փոխանցմամբ՝ առնվազն տարօրինակ է, երբ նախարարության ինչ-ինչ ծրագրերում անընդհատ նույն ՍՊԸ-ներն են տենդերները շահում: Այսպես, ըստ նրա, 2016-ին նույն ՍՊԸ-ն շահել է 10 անգամ, 2017-ին՝ 8, 2018-ին՝ 7 անգամ:
«Ըստ շրջանառվող լուրերի՝ այդ ՍՊԸ-ների գոնե մի մասն ամիջականորեն կապված է նախարարության որևէ աշխատակցի հետ: Թե որքանով են այդ լուրերը համապատասխանում իրականությանը, այս պահին չեմ կարող ասել: Հետաքրքիր է նաև այն հանգամանքը, որ տենդերների հաստատած բյուջեն բարձրացվել է այն շահելուց հետո: Այսինքն՝ տվյալ ՍՊԸ-ն ավելի ցածր գներ է սահմանել, հաղթելուց հետո բարձրացրել դրանց արժեքը»,- նշեց Հայրապետյանը:
Մանրամասնելով, օրինակ, «Արի տուն» ծրագրի բյուջեում տեղ գտած ոչ հավաստի փաստերն ու թվերը՝ նկատեց, որ օրական երկանգամյա սննդի համար նախարարությունը 8000 դրամ է տրամադրել:
«Բայց այստեղ հարց է առաջանում, թե 4000 դրամով ի՞նչ լանչ պետք է մատուցվեր այդ երեխաներին. գա՞ռ պետք է մատուցեր ամեն մի երեխայի, թե՞ սև «խավիար» պետք է լիներ: Ես ձեզ հավաստիացնում եմ, որ նույն լանչը կարելի էր կազմակերպել շատ ավելի ցածր գներով: Կամ՝ հյուրանոցից դեպի ԵՊՀ գնալու համար ամեն մի մանսնակիցին տաքսիով տեղափոխելու համար 1300 դրամ է դուրս գրվել, այն դեպքում, երբ նույն տաքսին գոնե 4 մասնակցի կարող էր տեղափոխել, իսկ հյուրանոցից դեպի ԵՊՀ մոտ 1.5 կմ է: Այսինքն՝ այստեղ ոչ խելամիտ տարբերակ է ընտրված»,- եզրափակեց նախարար Հյարապետյանը՝ ներկաներին հավաստիացնելով, որ բացահայտվելու են կոռուպցիոն բոլոր ռիսկերը:









