Ինչպես հայտնել էինք, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը /ՌԴ/, Պիեռ Անդրիոն/Ֆրանսիա/, Ջեյմս Ուորլիքը /ԱՄՆ/ Երևանում հանդես են եկել մամուլի ասուլիսով:
Անդրադառնալով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությանը, որ ԼՂ հակամարտության կարգավորման հարցով համաձայնագրերը գրեթե պատրաստ են, դրանք արդեն բանակցային սեղանի վրա են, Իգոր Պոպովը նշել է.
-Նա բազմիցս է ասել, որ Լավրովի որևէ առաջարկ գոյություն չունի, սեղանին դրված են համանախագահների առաջարկները, որոնք այս կամ այն չափով քննարկվել են մի քանի տարիների ընթացքում: Գոյություն ունի մի քանի տարբերակ, բայց դրանք հիմնված են կարգավորման 3 սկզբունքների և հիմնարար 6 տարրերի վրա, որոնց մասին բազմիցս հայտարարել են համանախագահող երկրների նախագահները:
Պոպովն ընդգծել է, որ այդ երեք սկզբունքներն են՝ ուժի չկիրառումը, ազգերի ինքնորոշման իրավունքը և տարածքային ամբողջականությունը:
-Հիմնարար սկզբունքներից ամենագլխավորը 2 տարրերն են՝ տարածքների վերադարձը և Ղարաբաղի կարգավիճակի հետ կապված հարցերի որոշումը: Այս երկու սկզբունքները պետք է դիտարկել որպես մեկ ամբողջություն: Չի կարելի մեկը մյուսից առաջ դնել: Հենց այդ մասին էլ ասվում է «Լավրովի փաստաթղթում»: Բացի այդ տարրերից, այնտեղ կան նաև փախստականների վերադարձի, միջանցքի լայնության և կարգավիճակի հարցը, որը պետք է կապի ԼՂ-ը Հայաստանի հետ, և, բնականաբար, այնտեղ պետք է լինի նաև խաղաղապահ գործունեություն: Բայց վերջինը դիտարկվում է (համենայն դեպս քննարկման ժամանակ), որ պետք է լինի կարգավորման ավարտական փուլում, այն բանից հետո, երբ կկնքվի խաղաղ համաձայնագիրը:
Հիշեցնենք, որ մինչ ասուլիսը համանախագահները ՀՀ արտաքին գործերի նախարարությունում էին, որի դիմաց բողոքի գործողություն էր տեղի ունենում: Համանախագահների՝ ԱԳՆ-ի շենքը լքելուց հետո ցույց էր սկսվել «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի մոտ, որտեղ և ընթանում էր նրանց ասուլիսը:
Vesti.am
https://www.youtube.com/watch?v=HKP7qgosJIE