Լրագրողները կառավարության նիստից հետո ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանից հետաքրքրվեցին՝ հրապարակումներ են եղել, որ խոշոր սուպերմարկետները, եթե գան ԱԱՀ-ի դաշտ, ապրանքների գները կբարձրացնեն, ինչին ի պատասխան Անանյանը նշեց.
«Այո, այդպիսի գնահատականների մասին ես էլ եմ լսել: Խնդիրը շատ պարզ ու հասարակ է, եթե մենք ասում ենք, որ տնտեսվարողները պետք է գործեն բացառապես օրենքի շրջանակում, նշանակում է, որ գյուղմթերքները և մսամթերքները պետք է վճարեն իրենց հարկերն ամբողջ ծավալով, եթե սուպերմարկետն ԱԱՀ-ի դաշտում է աշխատում: Եթե այդ հարկերի վճարման շրջանակում 50-60 տոկոս գնագոյացման աճ լինի, շուկայական հարաբերություններ են, դա կնշանակի, որ կողքի փոքր խանութներն ավելի շատ մրցունակ կլինեն: Պետական եկամուտների կոմիտեն գնագոյացման հետ որևէ հարց լուծելու ո՛չ գործառույթ ունի, ո՛չ ցանկություն»:
Ներկայացնելով խնդրի վերաբերյալ ՊԵԿ դիրքորոշումը, Անանյանը նկատեց. «Եթե այդպիսի փոփոխություններ լինեն, մենք ուսումնասիրություններ կանենք, որպեսզի համոզվենք՝ այդ գների բարձրացումն ինչքանով է արդարաված կամ արժանահավատ: Եթե դա լինի իրական, մենք որևէ խնդիր չենք տեսնում, ՊԵԿ-ը գների զսպման հետ չպետք է գործ ունենա»:
Դավիթ Անանյանը միաժամանակ նշեց, որ եթե աշխատեն բացառապես օրենքի շրջանակում և տեսնեն, որ օրենքի շրջանակում գործելը բերում է որոշակի խնդիրների և օրենքը վերանայելու անհրաժեշտություն կա, ապա կարող է Ֆինանսների նախարարության հետ օրենքը վերանայելու առաջարկությամբ հանդես գան:
Vesti.am









