Foto

Կթանկանա՞ գյուղմթերքը «Սիթիի» դեպքերից հետո

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունն օրերս ստուգումներ է իրականացրել «Երևան սիթի» խանութների ցանցի գլխավոր գրասենյակում: Պարզվել է, որ դեռևս 2016 թվականի վերջին, տեղական գյուղմթերքի գնաճ չառաջացնելու պատրվակով, համաձայնություն է ձեռք բերել ՀՀ ՊԵԿ նախկին ղեկավարության հետ` գյուղացիներից գնված գյուղմթերքի վաճառքը «Երևան Սիթի» սուպերմարկետների ցանցից իրականացնել տարբեր անձանց անվամբ հիմնադրված ԱՁ-ներով, որոնց իրացման շրջանառության սահմանաչափը 115 մլն ՀՀ դրամ է, ինչը հնարավորություն է ընձեռել 20 տոկոս ԱԱՀ-ի և շահութահարկի փոխարեն վճարել ընդամենը 2 տոկոսի չափով շրջանառության հարկ:

Vesti.am-ը «Ագրարագյուղացիական միավորում» ՀԿ նախագահ Հրաչ Բերբերյանից հետաքրքրվեց՝ կարո՞ղ են այս փոփոխությունները նպաստել գյուղմթերքի գնաճին:

Մեր զրուցակցի խոսքով՝ ստեղծվել է մի համակարգ՝ հատկապես սոխի, կարտոֆիլի, մի քիչ ուշ փչացող գյուղմթերքի հետ կապված, երբ խոշոր գնորդները՝ առևտրային ցանցերը, գյուղացուն թելադրում էին ցածր գներ և ստանում էին գերշահույթ:

«Ինչ էին անում. նրանց մատակարարները պտտվում էին գյուղերով, ցածր գներով ձեռք էին բերում, օրինակ, կարտոֆիլ, դա չէին տանում առևտրի ցանց, պահեստավորում էին, հետո գները կանգնեցնում էին և գյուղացին կանգնում էր դատարկ տաշտակի առաջ, չգիտեր ինչ անել: Նրանք իրենց գնած կարտոֆիլը թանկ գներով վաճառում էին, էլի գալիս գյուղացուց ցածր գնով գնում էին»,-ասաց նա:

Ինչ վերաբերվում է 20 տոկոս պետական հարկին, ըստ Բերբերյանի, վերջին գնումների համաձայն  նույն կարտոֆիլը ձեռք է բերվել 100-110 դրամով, բայց շատ խանութներում վաճառվել է մինչև 250 դրամով:

«Ինչո՞ւ այդ մասին չեն խոսում, որ գերշահույթ են ստանում: Կարծում եմ՝ վարչապետի կողքին մի բանիմաց մարդ պետք է լինի, որ անմիջապես այս ստերը բացահայտի: Բանջարեղենը գերշահույթով է շուկա մտնում: Իհարկե, կարող ենք այստեղ շանտաժ, սաբոտաժ տեսնել, բայց երկրորդ քայլն ունենք, որ գյուղացուն կարող են տարածքներ հատկացնել, գյուղացին նախկինի պես իր առևտուրն անի և այդ խանութերին պատժի: Երևանի ծայրամասերում կարող են մեծածախ շուկաներ ստեղծել, ինչպես Մալաթիայի շուկան է, բայց արդեն Քաղաքապետարանի վերահսկողության ներքո և հավտացեք, որ Երևանում բանջարեղենի գները կիջնեն, ոչ թե կբարձրանան: Ով էլ որ նման բան անի, դա սաբոտաժ է այսօրվա իշխանությունների դեմ»,- ասաց ՀԿ նախագահը՝ հավելելով, որ առանց այդ էլ նույն սուպերմարիկետներն այսօր գերշահույթով են աշխատում:

Հրաչ Բերբերյանի դիտարկմամբ՝ մեր երկրի դժբախությունն այն է, որ մենք մինչև հիմա արտադրության նորմատիվներ չունենք՝ կորուստները, որքան արտադրանք կարող է լինել, որքան գումար է անհրաժեշտ դրա համար, որ հարկային մարմինները կարողանան ստուգումներ իրականացնել:

«Դա լինելու դեպքում ցիվիլ երկիր կդառնանք, բայց այսօր պատգամավորներից շատ-շատերը նստած են հայ ֆերմերի վզին և թալանում են նրան: Այս օրենսդրական դաշտը, կարծում եմ, Կառավարությունը կարող է վերցնել իր ձեռքը, նորմատիվներ մշակել և հարկային դաշտ բերել բոլոր նրանց, ովքեր ժողովրդի հաշվին հարստացել են»,-ընդգծեց Հրաչ Բերբերյանը:

Մերի Բալասանյան

Vesti.am