Կառավարության այսօրվա նիստի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նկատեց, որ Սննդի անվանգության պետական ծառայության ղեկավարը նամակներ է ստացել Ռուսաստանի Դաշնության «Ռոսսելխոզնադզոր» կազմակերպությունից և իր համար անակնկալ էր, որ ինքը տեղյակ չէ այս նամակների մասին։
Փաշինյանը հետաքրքրվեց ՍԱՊԾ պետից կատարված գործողությունների մասին:
Իշխան Կարապետյանը նշեց, որ այդ նամակները պարբերական բնույթ են կրում:
«Կներեք, ես ուզում եմ հասկանալ, թե ում եք զեկուցել, որ այսպիսի իրավիճակ կա: Վարչապետի պաշտոնը ստանձնելուց հետո առաջին գործողություններից մեկը եղել է այն, որ ես զանգել եմ ձեզ և հարցրել եմ, թե արդյոք խնդիրներ ունենք գյուղմթերքի արտահանման ոլորտում և դուք ասել եք, որ, ըստ էության, խնդիրներ չկան», - ասաց վարչապետը:
Իշխան Կարապետյանն ասաց, որ նման քննարկում եղել է նաև գյուղատնտեսության նախարարի հետ, փորձել է կապ հաստատել Արարատ Միրզոյանի հետ՝ չի ստացվել և սահմանված կարգով գործողություններ կատարվել են։ Նա ասաց, որ իրականացվում են ուժեղացված բացթողման ռեժիմ, որի վերաբերյալ ընկերությունը տարածել է հայտարարություն, և դեպքը վերաբերել է մեկ ընկերության:
Նա նշեց, որ բարձրացվող հիմնական խնդիրները մակնշմանն են վերաբերում՝ արտահանվող կոնկրետ վայրին:
Նիկոլ Փաշինյանն էլ ավելացրեց, որ նամակներում այլ բան է գրված՝ սանիտարական կանոնների պահպանման խնդիր, իսկ Իշխան Կարապետյանն էլ նշեց, որ խնդիրը կապված է եղել բեռի հետ, բեռը հետ է ուղարկվել, այնուհետև կրկին արտահանվել է: Նա նշեց, որ համապատասխան աշխատանք են տարել, որի արդյունքում Վերին Լարսի անցման կետում որևէ ահազանգ չեն ստացել։
«Ես ուզում եմ տեղեկացնել, որ ծառայության կողմից իրականացվող սահմանային հսկողության արդյունքում մեր կողմից արձանագրվել է ներկրման խախտման 140 դեպք», - ասաց նա:
«Ընկերությունը, որի կողմից արտահանվող լոլիկի հետ կապված խնդիր է առաջացել, զգուշացրեք այդ ընկերությանը, և դուք էլ ապահովեք, որ նման իրավիճակներ չծագեն: Ակնկալում եմ, որ այս հարցը մենք քննարկում ենք վերջին անգամ», - ասաց Նիկոլ Փաշինյանը և կոչ արեց ապահովել գործընթացը:
Իշխան Կարապետյանը հավելեց, որ սա գործնթաց է և կարող են լինել շեղումներ:
Նիկոլ Փաշինյանը նկատեց, որ բոլոր գերատեսչությունները բոլոր ջանքերը պետք է գործադրեն, որ գյուղմթերքի արտահանումը տեղի ունենա պատշաճ կերպով, խոչընդոտներ չլինեն:
Իշխան Կարապետյանը խնդրեց, որ համապատասխան գերատեսչությունները տանեն համապատասխան աշխատանք ընկերությունների հետ՝ մակնշման առումով, փաթեթավորման առումով, քանի որ շատ հաճախ դեպքեր են լինում, երբ հայկական խնձորը դրված է բանանի արկղի մեջ, ինչը սահմանային հսկողության տեսանկյունից խնդիր է առաջացնում:
Նիկոլ Փաշինյանը համաձայնեց, որ հայկական գյուղերում երբեմն բանանի արկղը չափման միավոր է: Իշխան Կարապետյանը նշեց, որ յուրաքանչյուր արտահանող պետք է իմանա այն վայրը, որտեղ տանելու է ապրանքը, ինչպես նաև փաթեթավորման և մակնշման համապատասխանելիություն լինի:
«Մեր արտահանողները շատ հաճախ չեն կարողանում այդ պահանջները ապահովել», - ասաց նա:
Վարչապետն ասաց, որ Կառավարությունը պետք է գյուղացներին օգնի, որպեսզի ապահովեն արտահանման համար անհրաժեշտ պայմաններ։
Vesti.am