Foto

Իրանն ԱՄՆ-ից բանակցությունները շարունակելու շահագրգռվածության մասին հաղորդագրություն է ստացել. Իրանի ԱԳՆ

Թեհրանը, կարգավորման վերաբերյալ իրանական առաջարկի անընդունելիության մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունից հետո, Վաշինգտոնից նոր հաղորդագրություն է ստացել բանակցությունները շարունակելու շահագրգռվածության մասին։ Այս մասին հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Այն, ինչ հաղորդվում է, թե ԱՄՆ-ը մերժել է Իրանի առաջարկը կամ պատասխանը, վերաբերում է մի քանի օր առաջվան, երբ պարոն Թրամփը թվիթերյան գրառմամբ նշել էր, որ դա անընդունելի է։ Սակայն դրանից հետո մենք ամերիկյան կողմից կրկին հաղորդագրություններ ենք ստացել այն մասին, որ նրանք պատրաստ են շարունակել բանակցությունները և փոխգործակցությունը»,- ասել է նա Նյու Դելիում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։

Արաղչին հավելել է, որ Թեհրանի և Վաշինգտոնի միջև հաղորդագրությունների փոխանակման գործընթացը շարունակվում է, բայց դա տեղի է ունենում դանդաղ։

Հիշեցնենք, որ մայիսի 10-ին Իրանը Պակիստանին էր փոխանցել Պարսից ծոցի գոտում հակամարտության կարգավորման վերաբերյալ ամերիկյան առաջարկների պատասխանը։ Ամերիկյան The Wall Street Journal թերթի աղբյուրների տվյալներով՝ Թեհրանը հրաժարվել է իր միջուկային օբյեկտների ապամոնտաժումից, որը պնդում է Վաշինգտոնը։ Ինչպես նշում էր հրատարակությունը, իրանական կողմը պատրաստակամություն է հայտնել համաձայնել ուրանի հարստացման կասեցմանը, սակայն ոչ ԱՄՆ-ի կողմից պահանջվող 20 տարով։ Ավելի ուշ Թրամփը Թեհրանի պատասխանն անվանել էր անընդունելի։