ԲՐԻԿՍ-ի երկրները Իսրայելին հիշեցնում են Գազայի հատված մարդասիրական օգնության տեղափոխումն ապահովելու նրա պարտավորության մասին: Այս մասին ասված է միավորման մեջ նախագահող Հնդկաստանի հայտարարության մեջ, որը հրապարակվել է Հնդկաստանի արտաքին քաղաքական գերատեսչության կողմից, հաղորոդում ՝ ՏԱՍՍ-ը:
«Նախարարները բոլոր համապատասխան կողմերին կոչ են արել կատարել միջազգային իրավունքով ստանձնած իրենց պարտավորությունները, գործել առավելագույն զսպվածությամբ և խուսափել հակամարտության սրմանը տանող քայլերից, ինչպես նաև սադրիչ հայտարարություններից: Այս կապակցությամբ նրանք մատնանշել են Հարավային Աֆրիկայի կողմից ընդդեմ Իսրայելի նախաձեռնած դատավարության վերաբերյալ Միջազգային դատարանի կողմից ընդունված ժամանակավոր միջոցները, որոնք, մասնավորապես, վերահաստատել են Իսրայելի իրավական պարտավորությունը՝ ապահովել մարդասիրական օգնության տեղափոխումը Գազայի հատված»,- ասվում է Նյու Դելիում կայացած ԲՐԻԿՍ-ի արտաքին գործերի նախարարների խորհրդի (ԱԳՆԽ) նիստի արդյունքներով հրապարակված փաստաթղթում:
Ինչպես հստակեցվում է, ԱԳՆԽ մասնակիցները հերթական անգամ լուրջ մտահոգություն են հայտնել պաղեստինյան օկուպացված տարածքում տիրող իրավիճակի կապակցությամբ՝ Գազայի վրա իսրայելական հարձակումների վերսկսումից հետո, ինչպես նաև այնտեղ մարդասիրական օգնության տեղափոխման խոչընդոտների վերաբերյալ: Նրանք դատապարտել են միջազգային իրավունքի նորմերի բոլոր խախտումները, ներառյալ «սովի օգտագործումը որպես պատերազմ վարելու մեթոդ»:
Բացի այդ, ԲՐԻԿՍ-ի դիվանագետները դատապարտել են մարդասիրական օգնությունը քաղաքականացնելու կամ ռազմականացնելու փորձերը: Նրանք մատնանշել են խորհրդակցությունների առաջմղման անհրաժեշտությունը՝ անհապաղ, մշտական և անվերապահ հրադադարի հասնելու, Գազայի հատվածից և պաղեստինյան օկուպացված տարածքի բոլոր այլ հատվածներից իսրայելական զորքերի ամբողջական դուրսբերման, միջազգային իրավունքի նորմերի խախտմամբ պահվող բոլոր պատանդների և ձերբակալված անձանց ազատ արձակման համար:









