Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նախընտրական պատվիրակությունը, որը մայիսի 11-12-ը երկօրյա այցով գտնվում էր Երևանում, տարածել է միջանկյալ հայտարարություն։ Այդ հայտարարությունում անդրադարձ կար նաև Հայ առաքելական սուրբ եկեղեցուն, նշված էր «Հայ Առաքելական Եկեղեցու աննախադեպ ներգրավվածությունը քաղաքականության մեջ» ձևակերպումը։
Գերագույն հոգևոր խորհրդի անդամ, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանն Aysor.am-ի հետ զրույցում ընդգծում է՝ աննախադեպը հենց ԵԽԽՎ բացահայտ անհիմն դիրքորոշումն ու գործելաոճն է, ինչը հարիր չէ, ըստ էության, բարձր հեղինակություն ակնկալող միջազգային կառույցին:
Ցավոք, ըստ պրոֆեսոր Դանիելյանի, հենց այսպիսի կրավորական և հակասական գործելաոճի արդյունքում ենք հասել այն հանգրվանին, որ միջազգային իրավունքին և միջազգային կազմակերպություններին արդեն դադարել են լուրջ վերաբերել:
- Պարո՛ն Դանիելյան, ԵԽԽՎ-ն միջանկյալ հայտարարությամբ է հանդես եկել, որում առկա է «Հայ Առաքելական Եկեղեցու աննախադեպ ներգրավվածությունը քաղաքականության մեջ» ձևակերպումը։ Ինչպե՞ս կգնահատեք այս հայտարարությունը, արդյո՞ք հիմնավոր է այս ձևակերպումը։
- Իրականում, աննախադեպը հենց իրենց բացահայտ անհիմն դիրքորոշումն ու գործելաոճն է, ինչը հարիր չէ, ըստ էության, բարձր հեղինակություն ակնկալող միջազգային կառույցին: Ցավոք, հենց այսպիսի կրավորական և հակասական գործելաոճի արդյունքում ենք հասել այն հանգրվանին, որ միջազգային իրավունքին և միջազգային կազմակերպություններին արդեն դադարել են լուրջ վերաբերել: Իսկ ԱՄՆ-ի նախագահը անգամ հայտարարեց, որ միջազգային իրավունք արդեն գոյություն չունի, թեպետ՝ ամենօրյա ռեժիմով միջազգային պայմանագրերից է խոսում:
Հայ Եկեղեցու առնչությամբ այդ հայտարարությունը սնանկ է առնվազն հետևյալ նկատառումներով՝
ա) նախ, այն խորը հակասության մեջ է հենց ԵԽԽՎ ս.թ. մարտի 30-ի բանաձևի դրույթների հետ, ինչից բխում է, որ պատվիրակությունը այս շրջափուլում ղեկավարվում է ոչ թե իր վերադասի պաշտոնական դիրքորոշումներով, այլ՝ Հայաստանի իշխանության թեզերով,
բ) Հայ Եկեղեցու և միլիոնավոր հայ հավատացյալների խղճի ու դավանանքի ազատության դեմ առերևույթ ապօրինի արշավն անտեսելով, սոսկ բավարարվել են անմեղության կանխավարկածի ոտնահարմամբ նույն քրեական շինծու գործերում արտացոլված կասկածելի փաստերով,
գ) պատվիրակությունն ընդամենը գործել է 2 օր և հապճեպ այդպիսի պատասխանատու հայտարարություն հնչեցնելը որևէ աղերս չունի անաչառ հետազոտության հետ, այն առավելապես հետապնդում է ամեն գնով իշխանությանը շտապ սատարելու պրիմիտիվ նկրտումներ և այլն:
- Այս հայտարարությունն արվում է այն ֆոնին, երբ Հայաստանի իշխանությունները Հայ առաքելական սուրբ եկեղեցու դեմ արշավ են հայտարարել, հայտարարությունն արդյոք նրանց քաջալերելու քայլ չի դիտարկվում։
- Դա ակնհայտ է, պրիմիտիվության աստիճանի ակնհայտ: Ցավոք, չի բերվել որևէ փաստ, անգամ չկա ակնարկ, թե այդ ինչից ելնելով են կրկնում, իբր, քաղաքականության մեջ աննախադեպ ներգրավված լինելու՝ իշխանության մերկապարանոց թեզերը: Եվ ողջ պարադոքսն էլ այն է, որ հայրենական օրենսդրությամբ անգամ իրենց նեղություն չեն տվել սահմանելու, այսպես կոչված՝ քաղաքականությամբ զբաղվելու բնորոշումը: Իրականում, այս հայտարարությամբ ոչ թե մեկուսի ընդգծվել է, իբր, քաղաքականության մեջ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու ներգրավվածության հարցը, այլ առավել նենգ ու հեռահար խնդիր են դրել, մասնավորապես, փորձել են պաշտպանել իշխող կուսակցության նախընտրական ծրագրում արտացոլված այն սին մտայնությունը, թե Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին կարող է դիտվել իբրև հիբրիդային պայքարի հենարան:
- Ի՞նչ ասել է «քաղաքական ներգրավվածություն», արդյոք Հայաստանում տիրող մտահոգիչ վիճակի, Արցախի մեր հայրենակիցների, Բաքվում պահվող մեր գերիների, Արցախի մշակութային ժառանգության ոչնչացման մասին խոսելը նշանակում է քաղաքականության մեջ մտնել։
- Նախ, համազգային հարցերի առնչությամբ հանրային դիրքորոշումներ հնչեցնելը իբրև քաղաքականությամբ զբաղվել որակելը առնվազն անհեթեթություն է: Ավելին, իշխանությունները անգամ իրենց, այսպես կոչված՝ բարենորոգման նախադրյալներից մեկն էլ համարում են պատարագների և ծիսակատարությունների շրջանակում ձեր նշած հարցերին անդրադառնալու անթույլատրելիությունը, ասել կուզի՝ ձգտում են անգամ խմբագրել կրոնական և դավանաբանական տեքստերը: Մյուս կողմից զավեշտն այն է, որ բոլոր այդ հարցերի առնչությամբ կան իրավական ուժ ունեցող ակտեր, ընդհուպ՝ Սահմանադրություն, Կառավարության ծրագիր և այլն, որոնք պետք է կանխորոշեն յուրաքանչյուրի վարքագիծը, մինչդեռ՝ իշխանությունները կարգապահական պատասխանատվության են ենթարկում այն հանրային դեմքերին, որոնք պարզապես անվերապահորեն չեն ենթարկվում այդ իրավական նորմերից տարբերվող իրենց սոսկ բանավոր հնչեցրած հայտարարություններին:
- Տարօրինակ չէ՞, որ այս հայտարարությունում անդրադարձ չկա իշխանությունների՝ եկեղեցու ու Ամենայն Հայոց Հայրապետի նկատմամբ ճնշումների, հետապնդումների մասին։
- Ցավոք, տարօրինակ կլիներ, եթե անդրադարձ լիներ: Ընդ որում, պատվիրակությունը անտեսել է անգամ այն, որ խնդիրը միայն կոնկրետ ազգային կրոնական կազմակերպությունը չէ, այլ այդ արշավը հանգեցրել է միլիոնավոր հավատացյալների կոնվենցիոն իրավունքների կոպիտ ոտնահարմանը: Ընդ որում, այդ արշավին՝ օրենսդրության պահանջների ակներև շրջանցմամբ, միացել են իշխանության բոլոր մարմինները:
Այսպես, «Հայաստանի Հանրապետության և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հարաբերությունների մասին» օրենքի 10-րդ հոդվածի համաձայն՝ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին իրավունք ունի ունենալու մշտական հոգևոր ներկայացուցիչ հիվանդանոցներում, մանկատներում, տուն-ինտերնատներում, զորամասերում, ազատազրկման վայրերում, ներառյալ` քննչական մեկուսարաններում: Մինչդեռ՝ ներկայումս ինչպես Զինված ուժերում, այնպես էլ քրեակատարողական հիմնարկներում հոգևոր ծառայություն կրելու համար ոչ թե Մայր Աթոռի, այլ պետական մարմինների կողմից աշխատանքային պայմանագրով աշխատավարձով նշանակվել են Հակաեկեղեցական արշավին այս կամ այն կերպ հարող հոգևորականներ: Իհարկե, արտաքուստ կարող է թվալ, թե պատվիրակության խնդիրը չէ Հայ Եկեղեցու դեմ հակակոնվեցիոն արշավին գնահատական տալը, սակայն չպետք է մոռանալ, որ այդ արշավի հետագա ընթացքն ամբողջովին ներառված է իշխող քաղաքական ուժի նախընտրական ծրագրում, այսինքն՝ այն փաստաթղթում, որի առնչությամբ իրենք ուղղակի կոչված են դիտարկում իրականացնել:
Ամփոփելով միտքս՝ ուղղակի ընդգծեմ, որ այս ընտրություններում ԵԽԽՎ դիտորդական առաքելությանը, ցավոք, զուտ արտաքին տեսքը պահելու կտրվածքով են հետաքրքրելու օրինականությունը, իրավունքի գերակայությունը և այլն: Իրենք այլևս չեն թաքցնում, որ այս ընտրությունը կանխորոշում է Հայաստանի աշխարհաքաղաքական կողմնորոշումը, ուղղակի առայժմ չեն բացահայտում, որ իբր դեպի ԵՄ կողմնորոշումը որևէ գործնական աղերս չունի եվրոպական կառույցներին ինտեգրվելու հետ, այլ ուղղակի միջանկյալ խայծ է՝ ամբողջովին պրոթուրքական ծիրի մեջ ներքաշելու համար՝ դրանից բխող բոլոր անխուսափելի հետևանքներով, ընդհուպ պետականության կորստով հանդերձ: Հուսանք, որ հայ ժողովուրդը չի կորցնի իր սթափ մտածելու ունակությունը և չի գայթակղվի զուտ իշխանությունը պահելու նկրտումներով թելադրված անհիմն խոստումներով:









