ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովը քննարկում է Հայաստանի Հանրապետության «Հարկային օրենսգրքում» փոփոխություններ և լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը:
ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը նշեց, որ նախագծով առաջարկվում է ծանուցման ենթակա թորած խմիչքների և խմորման նյութերի, սպիրտի լայն օգտագործման տեսակների շարքից, որի համար սահմանված է տարեկան 15մլն պետական տուրք, առանձնացնել կոնյակի սպիրտների և կոնյակի արտադրությունը, ինչպես նաև ծանուցման ենթակա գործունեության շարքում ավելացնել կոնյակի սպիրտների և կոնյակի արտադրությունը մինչև 100 հազար լիտր կոնյակի սպիրտ 100 տոկոսանոց հաշվարկով և տվյալ գործունեության իրականացնելու իրավունք ձեռք բերելու համար սահմանել տարեկան 10մլն դրամ պետական տուրք:
«100 հազար լիտրից ավելի ներմուծված կոնյակի խմբաքանակի համար լրացուցիչ պետական տուրք սահմանել՝ 1 բացարձակ լիտրի համար 25 դրամ հաշվարկով, իսկ 100 հազար լիտրից ավելի ներմուծված և իրացված կոնյակի սպիրտների խմբաքանակների համար՝ 1 բացարձակ լիտրի համար 100 դրամ հաշվարկով»,-նկատեց Մակարյանը:
Նրա խոսքով՝ եթե տնտեսվարողն օղու և կոնյակի իրացմամբ է զբաղվում, թողնվում է միայն օղու համար 15մլն դրամը: Այսինքն միայն օղու համար տուրք վճարելով, կարողանում է զբաղվել նաև կոնյակի արտադրությամբ:
«Նախկինում, եթե վերամշակող գործարանն ուներ մասնաճյուղ այլ մարզում, ապա պետք է վճարեր 15 մլն դրամ և 50 տոկոսի չափով՝ նաև մասնաճյուղի համար: Տուրքը մեկ իրավաբանական անձի համար ենք նախատեսում»,-հավելեց փոխնախարարը:
Նախագիծը բխում է ՀՀ պետական բյուջե հավաքագրվող տարեկան մուտքերի պահպանմամբ` պետական տուրքի և ակցիզային հարկի դրույքաչափերի հաշվարկման մեթոդի առաջարկման միջոցառման կատարումը և կոնյակի ու բրենդիի սպիրտներ արտադրող և ներմուծող տնտեսավարող սուբյեկտների համար հավասար մրցակցային պայմաններ ապահովելու անհրաժեշտությամբ:
Ընթացիկ իրավիճակը և խնդիրները - ՀՀ գործող օրենսդրությամբ՝
- թորած ալկոհոլային խմիչքների և խմորման նյութերից էթիլային սպիրտի արտադրության իրականացման իրավունք ձեռք բերելու համար սահմանված տարեկան տուրքի դրույքաչափը կազմում է 15 մլն դրամ, իսկ շշալցված կոնյակի ու բրենդիի և կոնյակի ու բրենդիի սպիրտների ներմուծումը ծանուցման ենթակա գործունեություն չի համարվում և այդ գործունեության իրականացման իրավունքի համար պետական տուրք սահմանված չէ: Այդ պատճառով անհանգստացնող չափերի է հասել կոնյակի և բրենդիի սպիրտների ներմուծումը: 2016 թվականին ներմուծվել է 7996.4 հազար լիտր կոնյակի սպիրտ, որը համարժեք է շուրջ 88.0 հազար տոննա խաղողի և նշված ծավալներով կոնյակի սպիրտների ներմուծումը կարող է լուրջ խնդիրներ ստեղծել հանրապետությունում արտադրվող խաղողի բերքի իրացման և մթերումների կազմակերպման համար,
- պետական տուրքի նույն դրույքաչափն անհավասար մրցակցային պայմաններ է ստեղծում կոնյակի սպիրտներ և շշալցված կոնյակ արտադրող, իրացնող և ներմուծող մեծ և փոքր ընկերությունների համար, իսկ գինեգործությամբ զբաղվող փոքր ընկերությունները 15 մլն դրամ տուրքի պատճառով չեն կարողանում զբաղվել կոնյակի արտադրությամբ,
- մեկից ավելի յուրաքանչյուր վայրում ծանուցման ենթակա նույն տեսակի գործունեության իրականացման իրավունք ձեռք բերելու համար սահմանված է պետական տուրքի դրույքաչափի հիսուն տոկոսի չափով լրացուցիչ տուրք վճարելու պահանջ, որը լրացուցիչ խոչընդոտ է ստեղծում այն ընկերությունների համար, որոնք ունեն մասնաճյուղեր, որտեղ կարող են զբաղվել կոնյակի սպիրտի թորումով,
- սահմանված ակցիզային հարկի դրույքաչափերը չեն նպաստում Հայաստանում կոնյակի իրացման ծավալների և հավաքագրվող ակցիզային հարկի գումարների ավելացմանը: Ակցիզային հարկի դրույքաչափերի փոփոխության նախորդ տարում՝ 2012թ. կոնյակի իրացման ծավալները կազմել են 1888.7 հազ. լիտր, իսկ հավաքագրված ակցիզային հարկը՝ 2244.5 մլն. դրամ: 2013թ. այդ ցուցանիշները կազմել են 1399.7 հազ. լիտր և 2715.6 մլն. դրամ կամ ակցիզային հարկի դրույքաչափերի փոփոխության առաջին տարում կոնյակի իրացման ծավալները նվազել են 489.0 հազ. լիտրով, իսկ ակցիզային հարկի մուտքերն ավելացել են 471.1 մլն դրամով: Հաջորդ տարիներին աստիճանաբար նվազել են կոնյակի իրացման ծավալներն ու հավաքագրվող ակցիզային հարկի մուտքերը: 2016թ. կոնյակի իրացման ծավալները կազմել են 885.8 հազ. լիտր, իսկ հավաքագրված ակցիզային հարկը՝ 2096.1 մլն. դրամ կամ 2012թ. համեմատությամբ հանրապետությունում կոնյակի իրացման ծավալները նվազել են 1002.9 հազ. լիտրով կամ ավելի քան 2 անգամ, իսկ հավաքագրված ակցիզային հարկը նվազել է 148.4 մլն դրամով կամ 6.6 տոկոսով:
Ակցիզային հարկի բարձր դրույքաչափերով պայմանավորված տնտեսավարողները դիմում են տարբեր միջոցների, այդ թվում՝ կեղծումների (խաղողից բացի այլ սպիրտների օգտագործում) ճանապարհով արտադրանքի ինքնարժեքը նվազեցնելու համար, որը սպառողների իրավունքների ոտնահարումից բացի կարող է հանգեցնել նաև շատ լուրջ հետևանքների, մասնավորապես՝ երկար տարիների ընթացքում ձևավորված հայկական կոնյակի հարգը և իրացման շուկաները կորցնելու վտանգի:
- ԱՏԳ ԱԱ 2208 ծածկագրին դասվող շշալցված կոնյակի իրացման դեպքում (այդ թվում` անհատույց) այդ ապրանքների իրացման գինը (ներառյալ` ակցիզային հարկը եւ ավելացված արժեքի հարկը) չի կարող պակաս լինել մեկ լիտրի համար 3500 դրամից` 100 տոկոսանոց սպիրտի վերահաշվարկով: Նշված նվազագույն սահմանը 0.5 լիտրանոց 1 շշի հաշվարկով կազմում է 700 դրամ, այն դեպքում, երբ 3 տարեկան 0.5 լիտր կոնյակի ինքնարժեքը, առանց շշալցման ու փաթեթավորման ծախսերի, շահույթի և հարկերի կազմում է շուրջ 600 դրամ:
Նշված խնդիրներն իրենց լուրջ ազդեցությունն են թողնում նաև արտադրվող խաղողի պահանջարկի ավելացման և մթերումների գործընթացի կազմակերպման վրա:
Կարգավորման նպատակը և բնույթը - Սույն նախագծերի փաթեթով առաջարկվում է
- Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով.
1) սահմանված կոնյակի ակցիզային հարկի հարկման բազան փոփոխել և ակցիզային հարկի դրույքաչափերը սահմանել իրացվող 1 լիտրի (100 տոկոսանոց սպիրտի վերահաշվարկով) հաշվարկով, ըստ տարիքային խմբերի,
2) բարձրացնել շշալցված հայկական կոնյակների համար սահմանված իրացման նվազագույն գինը և դրանք սահմանել ըստ տարիքային խմբերի:
Vesti.am









