Foto

Ի՞նչ կատարվեց Ուջանում

Բեռնատարների վարորդները տարերայնորեն համախմբվել ու Ուջան գյուղի մոտ մի քանի ժամով փակել էին Երևան-Գյումրի մայրուղին: Նրանք բողոքում են կառավարության այն որոշման դեմ, ըստ որի թույլատրվածից ավելի բեռ տեղափոխելու դեպքում տուգանվում են աստղաբաշխական գումարներով:

Մի կողմ դնելով հարցի իրավական կողմը՝ անհրաժեշտ է փաստել մի էական հանգամանք: Սոցիալ-տնտեսական ծանրագույն պայմաններում գոյատևող քաղաքացիներն այլևս չեն կարողանում, չեն ուզում ենթարկվել կառավարության կողմից թելադրվող որոշումներին և այս բողոքի ցույցն իր էությամբ բոլորովին առանձնանում է, օրինակ, Տավուշում ապօրինի անտառհատումները պաշտպանողների բողոքի ցույցից:

Ուջանում տեղի ունեցածը այսօր յուրաքանչյուր հայաստանցուն հուզող բազմաթիվ խնդիրներից միայն մեկի արձագանքն է: Ստեղծված իրավիճակը ամեն օր հղի է նման երևույթներով ու հատկանշական է, որ արդեն բացի բուն խնդրից, քաղաքական հարցեր են բարձրացվում: Մարդիկ այդպիսով բողոքում են ժողովրդից պետության օտարվածության, նեղ կլանային այսօրէական որոշումների, դրանց ընդունման նկատմամբ հանրային վերահսկողության մեխանիզմների բացակայության դեմ:

Հիմա, երբ երկրում փաստացի անիշխանություն է, «ժամանակավոր» կառավարությունը միգուցե մասնակիորեն ընդառաջի նման ակցիաներին: Կոնկրետ այս դեպքում տրանսպորտի փոխնախարարը մի հեռախոսազանգով հաջողացրեց ժամանակավորապես կասեցրեց վերոհիշյալ որոշման գործողությունը, վարորդները բացեցին մայրուղին: Բայց ակնհայտ է, որ ամեն գնով պետբյուջեն լցնելու, արտաքին պարտքի ծանրագույն բեռը այդ պարտքից անտեղյակ քաղաքացիների հաշվին թոթափելու քաղաքականությունը այլընտրանք չունի: Իսկ այլընտրանք չկա, որովհետև իշխանությունը կուտակած պարտքերի փոշիացման, ոչ նպատակային օգտագործման ու թալանած բյուջեի գումարները օֆշորներում պահելու պատասխանատվությունը ստանձնելու կամք ու համարձակություն չունի:

Հիմա ձվածեղի համար թավան համբուրելու տհաճ օրեր են, ժամանակավոր զիջումներ էլ կանեն: Բայց դրանով հարցը չի լուծվի. վաղը ուջանցիներին ուրիշներն են միանալու ու ժամանակավոր լուծումներով նրանց համոզելն ավելի դժվար է լինելու:

Vesti.am

Տես նաև՝ Բեռնատարների վարորդները բացեցին Ուջանի ճանապարհը. նրանք գնացել են մարզպետարան