Այսօր Կառավարությունն անցկացրեց իր առաջին դռնփակ նիստը, որից հետո ճեպազրույցով հանդես եկավ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի պաշտոնակատար Սուրեն Կարայանը: Նրա խոսքով՝ կառավարությունը հավանություն է տվել երեք ներդրումային ծրագրի:
«Դրանց ընդհանուր արժեքը կազմել է 21,5 միլիարդ դրամ և կստեղծվի 475 աշխատատեղ: Ներդրումներ են եղել գինու, կոնյակի արտադրության, թեթև արդյունաբերության ոլորտում։
Կարևոր է, որ ներդրումային ծրագրերը ներառում են ինչպես օտարերկրյա ներդրումներ, այնպես էլ տեղական, ինչը մեզ համար կարևոր է: Այս ամենը ցույց է տալիս, որ ներկայում կա տնտեսական աշխուժացում վերջին շրջանում, և հույս ունենք, որ տնտեսական աշխուժացումը Հայաստանի Հանրապետությունում կշարունակվի»,-նկատեց նախարարաի պաշտոնակատարը:
Լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչպես անցավ առաջին փակ նիստը, ավելի անկաշկա՞նդ էին արդյոք, եղա՞ն բանավեճեր, նախարարի պաշտոնակատարն ասաց, որ առաջին փակ նիստի օրակարգը ծանրաբեռված էր, քննարկել են 73 հարց, բուռն քննարկումներ տեղի ունեցան։









