Գործադիրը գյուղատնտեսական հողատարածքների ոռոգման նպատակով քննարկում է Սևանա լճից 170 մլն խմ լրացուցիչ ջրառ իրականացնելու նախագիծը: Բնապահպաններն այս նախագծի շուրջ իրենց լուրջ մտահոգություններն են հայտնում՝ փաստելով, որ այն կարող է լուրջ և անդառնալի վնասներ հասցնել Սևանա լճի էկոհամակարգին։
«Մենք բնապահպաններս դեմ ենք այս նախագծին, քանի որ երկար ժամանակ աշխատել ենք, որ Սևանի մակարդակը մի քիչ բարձրացնենք, իսկ այս նախագիծը մեր ջանքերը «ջուրը կգցի»,-Vesti.am-ի հետ զրույցում ասաց բնապահպանական թեմաների լուսաբանմամբ զբաղվող «Էկոմեդիա» լրագրողական ցանցի հիմանդիր Նարինե Կիրակոսյանը:
Բնապահպան Կարինե Դանիելյանի խոսքով՝ Սևանա լճի էկոհամակարգում գրանցած արդյունքներն այն քիչ նվաճումներից էին, որոնցով իրենք հպարտանում էին և ամեն տեղ բարձրաձայնում։
«Մոտ 4 մետրով ջրի մակարդակի բարձրացում ունենք, ինչը հանգեցրել է ջրի ինքնամաքրման գործընթացներին և խոր հատվածներում ջրի թափանցիկության լավացմանը: Անցյալ տարի, երբ ջուր բացթողեցինք, կորցրեցինք 4 սմ, ինչը շատ մեծ վնաս է լճի էկոհամակարգին»,-նշեց նա, հավելելով, որ կարծում են՝ գործընթացը միայն այս տարով չի սահմանափակվի:
Բնապահպանի խոսքով՝ խնդիրը հիմնովին լուծելու համար նախևառաջ անհրաժեշտ է նոր ջրամբարներ կառուցել։
«Փոքր ջրամբարների ցանցի ստեղծման ծրագիր կա, որը սակայն ֆինանսավորում չունի: Ես կարծում եմ, որ այս դեպքում պետք է դիմել սփյուռքին, միգուցե իրենք կարողանան անհրաժեշտ ֆինանսավորում տալ ջրամբարների կառուցման համար, որպեսզի վերջնականապես մեր «աչքը կտրենք» Սևանա լճից»,-եզրափակեց նա:
Բնապահպան Սիլվա Ադամյանի խոսքով՝ այս տարի, եթե Սևանից ջրառ չիրականացվի, գյուղատնտեսության ոլորտում լուրջ խնդիրներ կստեղծվեն։
«Բոլոր ջրամբարները դատարկ են և մենք ոչ մի միջոց չենք ձեռնարկել՝ պատրաստվելու այդ իրավիճակին, միշտ սովորել ենք այդ սպառողական վիճակին, բայց չէ՞ որ մի պահ կգա, երբ լուրջ խնդրի առաջ կկանգնենք:»,-ասաց Ադամյանը:
Բնապահպանը համոզմունք հայտնեց, որ իրականում ջրառի նպատակները գյուղատնտեսական հողատարածքների ոռոգումը չէ։
«2016-ին մենք հետաքրքիր փորձ արեցինք, երբ կառավարությունը ջրբացթողման որոշում էր ընդունել, այցելեցինք Արարատի մարզի մի քանի գյուղեր և այնտեղ մեզ հայտնեցին, որ ոչ մի բարելավում չեն նկատել, իսկ ոռոգման խնդիրը բաց է մնում»,-ասաց նա, հավելելով, որ ջուրը բաց է թողնվում շրջակա միջավայրի ենթակառուցվածքները չխախտելու համար։
«Դրա մեջ մտնում են ճանապարհները, թանկարժեք առանձնատները, հանգստյան գոտիները, այսինքն ջուրը ցանկանում են մի մակարդակի վրա պահել, որ չբարձրանա և վնաս չտա այդ շինություններին»,-եզրափակեց բնապահպանը:
https://youtu.be/E_iU0RgBYOI
Սաթենիկ Թովմասյան
Vesti.am









