Foto

ՀՀ դրամը կայուն պահելու ԿԲ ռեսուրսը բավականին մեծ է. տնտեսագետ

Ռուսաստանում  և Իրանում վերջին օրերին դրամի արժեզրկում է գրանցվում:

Vesti.am-ի հետ զրույցում տնտեսագետ Ատոմ Մարգարյանն ասաց, որ դա առայժմ լուրջ հետևանքներ չի ունենա, որովհետև դրանք տատանողական բնույթի են:

Տնտեսագետի կարծիքով՝ պատճառը որոշ արտաքին քաղաքական գործոններն են, հատկապես՝ պատժամիջոցների խստացումը Ռուսաստանի բիզնեսմենների, պաշտոնյաների, խոշոր ընկերությունների նկատմամբ:

«Բնական է, շուկաներն արձագանքում են: Երկար ժամկետով շարունակվելու դեպքում, բնական է, դա բացասական ազդեցություն կունենա հատկապես եկամտային, ներդրումային իրավիճակի վրա»,-ասաց նա:

Տնտեսագետի դիտարկմամբ՝ անուղղակի ազդեցությունները, բնական է, կզգան երրորդ երկրները՝ Հայաստանը ևս: Պատճառն այն է, որ Հայաստանը մասնավոր տրանսֆերտների մեծ պաշար է ստանում հատկապես Ռուսաստանից:

«Եթե Ռուսաստանում տնտեսական իրավիճակը վատթարացավ, բնականաբար, առաջին հերթին մասնավոր տրանսֆերտների հոսքը կարող է կրճատվել: Երկրորդը՝ այդ երկրներում մակրոտնտեսական պահանջարկը կնվազի, ինչը կարող է անդրադառնալ մեր արտահանման վրա, ինչը 2017-ին բավական տպավորիչ աճ է արձանագրել: Կսահմանափակվեն ներդրումային հնարավորությունները և այդ երկրից ՀՀ մտնող ներդրումները կարող են նվազել: Նույնը վերաբերում է նաև Իրանին, իհարկե, Իրանի հետ շատ փոքր են շրջանառությունները, խոշոր ներդրումային ծրագրեր չկան, չնայած օրակարգում կան այդպիսիք»,-ասաց տնտեսագետը:

Ատոմ Մարգարյանն այս պահին հավանական չի համարում Հայաստանում դրամի արժեզրկումը: Նրա խոսքով՝ բավական ամուր արժութային պահուստներ կան՝ շուրջ 2.5 մլրդ-ի սահմանում, ինչը, նրա գնահատմամբ՝ երբեք այդքան չի եղել:

«Դրամը կայուն պահելու ԿԲ ռեսուրսը բավականին մեծ է: Միամտությունների անհրաժեշտություն, որպեսզի նման ձևով կուրսը պահվի, այս պահին չկա, բայց, բոլոր դեպքերում, եթե ռուբլին արժեզրկվում է, դա հարված է մեր արտահանման սեգմենտին  և այդ պարագայում արտահանումը դառնում է  ոչ նպաստավոր»,-եզրափակեց տնտեսագետը:

Հեղինակ՝ Մերի Բալասանյան

Vesti.am