Foto

Ողբերգական պատառիկ՝ հայաստանյան իրականությունից

Ասում են՝ արտասահմանում սոցիալական ապահովության բարձր մակարդակի շարունակականության պահպանման հացրում հսկայական դերակատարություն ունեն բանկերը, ֆինանսական համակարգը: Այնտեղ ամեն բան հասանելի է գրեթե յուրաքանչյուրի համար բացառապես այն քաղաքականության շնորհիվ, որ վարում են տեղական դրամատներն ու առևտրային հաստատությունները՝ հնարավորություն տալով միջին վիճակագրական քաղաքացուն ապառիկով նույնիսկ զբոսանավ ձեռք բերել: Հենց սրա շնորհիվ է շատ իմաստներով Արևմուտքին հաջողվել էական ձեռբերումներ ունենալ սոցիալական քաղաքականության ոլորտում, ստեղծել բարեկեցիկ հասարակություն:

Հայկական մամուլում գրեթե սենսացիոն հրապարակում է հայտնվել հանրապետությունում գործող դեղատներից մեկի մասին: Պարզվում է՝ դրանցից մեկը, շարքային քաղաքացիների հոգսաշատ կյանքը թեթևացնելու համար, ինքնատիպ նորարարության է դիմել. դեղորայքն այստեղ վաճառում են ինչպես կանխիկ, այնպես էլ ապառիկ տարբերակով: Ըստ այդմ՝ դեղորայքի ապառիկ վաճառքն իրականացվում է 30 հազարից մինչև 800 հազար դրամ առևտրի դեպքում, 1 տարի ժամկետով, 15% տարեկան տոկոսադրույքով:

Թե հատկապես ինչով կարող է պայմանավոված լինել նման «մարդասիրությունը», ենթադրել կարելի է շատ բան, մեկ բան, սակայն, ակնհայտ է՝ սույն ակցիան բնավ չի խոսում երկրում դրամավարկային քաղաքականության բարելավման մասին, ու չի կարող վկայել բնակչության բարեկեցության մակարդակի բարձրացմանն ուղղված պետական քաղաքականության վերանայման  մասին նաև: Ընդհակառակը՝ արդյունք է վաշխառուական մտքի անգերազնցելի թռիչքի, ինչը, սակայն, ցավով պետք է խոստովանենք, բնավ անտեղի կարող է և չլինել՝ հատկապես հաշվի առնելով դեղերի թանկացման հեռանկարը: Ուշագրավ է այստեղ նաև մեկ այլ բան՝ ապառիկի տոկոսի բավական բարձր լինելու հանգամանքը, ինչը նույնպես չարագույժ երևույթ է, քանի որ այս պարագայում, ըստ էության, գործ ունենք անբարեխիղճ քաղաքականության հետ, որ երկրում ստեղծված սոցիալ-տնտեսական իրավիճակի պարագայում, սակայն, նույնիսկ յուրատեսակ փրկօղակի նշանակություն կարող է ունենալ շատերի պարագայում: Վերջապես կան դեղեր, որոնց գներն իսկապես աստղաբաշխական են ու ոչ բոլորն են ընդունակ դրանց համար միանգամից վճարել: Այնպես որ՝ դժվար է ասել՝ սույն «էվրկայի» հեղինակները ծաղրե՞լ են, թե՞ մի մեծ լավություն են արել սեփական համաքաղաքացիներին:

Ինչ էլ լինի, մեկ բան անհերքելի է՝ Հայաստանում վաշխառուական միտքը, պայմանավորված սոցիալ-տնտեսական իրավիճակով, մի նոր վերելք է ապրում, ու բոլորովին չի բացառվում, որ շուտով զուգարանի թուղթն էլ ապառիկով գնենք: Իսկ ի՞նչ է, մի՞թե Արևմուտքում այդպես չէ. առաջադեմ հասարակություն ենք ի վերջո…

Հրանտ Դալլաքյան