Շատերը կհամաձայնեն, որ հայ-իրանական հարաբերությունների պարադոքսալ բնույթն այդպես էլ մինչև հիմա մնում է հանելուկային: Չնայած քաղաքական հարաբերությունների բարձր մակարդակին՝ երկու երկրների միջև առկա տնտեսական հարաբերությունները շարունակում են անբավարար մակարդակի մնալ, ինչը, թերևս, նոնսենս է, քանի որ կողմերը մեկ անգամ չէ, որ փոխադարձ պատրաստակամություն են հայտնել խորացնել հատկապես տնտեսական կապերը, օգտագործել այն ողջ պոտենցիալը, որ պարունակում են երկկողմ հարաբերությունները հատկապես տնտեսական դաշտում:
Կրկին մեջտեղ է եկել Իրանից Հայաստան գազ մատակակարելու հարցը. «Ելք» խմբակցությունն էր ԱԺ-ում սրա հետ կապված վերջերս հարց բաձրացրել: Եթե հավատալու լինենք Կառավարությանը, այս պահին իրանցիները մրցունակ առաջարկով հանդես չեն եկել: Մասնավորապես՝ այդ մասին էր խոսել էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը՝ միաժամանակ հաստատելով, որ Հայաստանը և՛ Թուրքմենստանի, և՛ Իրանի հետ քննարկում է գազի այլընտրանքային ներկրման հնարավորությունները:
Սրա հետ կապված բավական հետաքրքրիր արձագանքներ են ստացվել նույն Իրանից: Ըստ ամենայնի՝ իրանցիները տարակուսած են Մանուկյանի հայտարարությունից. նրանք չեն կարողանում հասկանալ՝ հայկական կողմը իրանցիներին կոնկրետ ինչի մեջ է մեղադրում: Բանն այն է, որ իրանցի բարձրաստիճան պետական պաշտոնյաների շուրթերից մեկ անգամ չէ, որ հնչել են Հայաստանին հարմար գներով գազ մատակարարելու պատրաստակամության մասին հավաստիացումներ: ՀՀ-ում նույն Իրանի դեսպանն էլ առիթը բաց չի թողնում բոլորին հավաստիացնելու, թե իրանական կողմը պատրաստ է պայմանավորվել Հայաստանի հետ գազի հարցի շուրջ: Սակայն Մանուկյանի խոսքերից ստացվում է, որ նման բան ուղղակի գոյություն չունի, իսկ իրանական գազ Հայաստան չի մտնում ոչ թե հայկական կողմի, այլ Իրանի մեղքով: Իսկ թե որն է այդ մեղքը, Մանուկյանը կարծես բացահայտել էր իր վերջին հարցազրույցներից մեկում: Ըստ նրա՝ առաջարկը պետք է լինի այնպիսին, որ առաջարկվող գազի գինն ավելի էժան լինի, քան ՀՀ-ն ստանում է: Այսինքն՝ ստացվում է, որ ռուսական գազից ավելի էժան գազ իրանցիներն առայժմ մեզ չեն առաջարկել, ինչն էլ, ըստ էության, ընկած է այս ողջ պատմության հիմքում: Մինչդեռ նույն իրանցիներն այժմ պնդում են, որ Իրանը բնավ «թանկաբազար» չէ այդ հարցում ու կարող է ընդառաջել Հայաստանին գների հարցում: Ստացվում է փակ շղթա. երկու կողմերից շարունակաբար հնչում են միմյանց հակասող հայտարարություններ, ու կողմերն, ըստ էության, չստացված համագործակցության մեղքը գցում են միմյանց վրա: Օրինակ՝ նույն իրանցի վերլուծաբաններից ոմանք այս ամենում փորձում են արտաքին հետք նշմարել՝ հարցը կապելով ռուսական գործոնի հետ: Հայաստանն էլ, ըստ էության, չբացառելով վերոհիշյալ գործոնը, խնդիրը տեսնում է միանգամայն այլ հարթության մեջ: Ի դեպ՝ իրանցիները լուրջ կասկածներ ունեն նաև կապված Պարսից ծոց-Սև ծով տրանսպորտային միջանցքի հետ. այնտեղ ոմանք համոզված են, որ այս պարագայում ևս Հայաստանը պասիվ դիրքորոշում է որդեգրելու՝ ոչ մի քայլ չձեռնարկելով շրջափակումից դուրս գալու, երկրի հնարավորությունները մեծացնելու, զարգացման այլընտրանքային ուղիներ որոնելու ուղղությամբ՝ չնայած նախապես հնչած հայտարարությունների:
Փաստորեն՝ պետք է ֆիքսել այն, որ հայ-իրանական հարաբերությունները ներկայում այնքան էլ լավ օրեր չեն ապրում. դրանցում կարծես հետզհետե առաջանում է փոխվստահության ճգնաժամ, ու կողմերը թաքնված կերպով սկսել են միմյանց մեղադրել չստացված տնտեսական հարաբերությունների համար:
Դժվար է միանշանակ ասել, թե կողմերից որ մեկի փաստարկներն են առավել ճշմարտամոտ: Իրանցիներն են այս պարագայում մեզ «քցո՞ւմ», թե՞ մենք՝ նրանց: Բոլոր դեպքերում, սակայն, ակնհայտ է, որ հայ-իրանական փոխգործակցությունն ինքնին ընդամենը հետևանք է հանդիսանում այլ գործոնների՝ հատկապես աշխարհաքաղաքական: Հետևաբար՝ բնավ էլ չի բացառվում, որ տնտեսական փոխգործակցության ներկայիս անբավարար մակարդակը, իսկապես, պայմանավորված լինի նույն աշխարհաքաղաքականությամբ՝ հատկապես հաշվի առնելով Իրան-ՌԴ-Ադրբեջան եռյակի կայացման ուղղությամբ վերջին շրջանում ակտիվացած ջանքերը: Ակնհայտ է, որ եթե Բաքուն համաձայնում է դռները բանալ Իրանի առաջ ու վերածվել յուրատեսակ կամրջի այդ երկրի համար, ապա կարող է և անել դա շատ կոնկրետ պայմանով՝ Հայաստանի տնտեսական մեկուսացվածության խորացման: Բաքուն, բնականաբար, չի ցանկանա, որպեսզի Իրանն իսկապես հանդես գա Հայնստանի զարգացման այլընտրանքային ուղու դերում՝ ցանկություն, որը, նկատենք, արմատապես չի հակասում նաև Մոսկվայի շահերին: Ճիշտ է՝ չի կարելի պնդել, թե հենց Բաքուն է կանգնած հայ-իրանական հարաբերություններին պատուհասած անախորժությունների հիմքում, սակայն բացառել Բաքվի գործոնը ևս ոչ մի կերպ չի կարելի:
Մյուս կողմից էլ, անկասկած, Հայաստանի ջանքերը նույնպես պետք է անբավարար գնահատել: Նույնիսկ եթե Իրանը ռուսական գազից մի փոքր ավելի թանկ գազի մատակարաման առաջարկով էլ հանդես գա, ապա, վստահաբար, դա ստրատեգիական իմաստով չի կարող խոչընդոտ հանդիսանալ այլընտրանք գտնելու ճանապարհին: Միայն թե այդ պարագայում էլ Երևանը կարող է Մոսկվայի հետ խնդիրներ ունենալ՝ այդպես էլ չգտնելով այն հարցի ռացիոնալ պատասխանը, թե ինչու է Իրանից ավելի թանկ գազ գնում, քան ռուսականն է:
Ստացվում է մի փակ շղթա, որից դուրս պրծնել Հայաստանն ուղղակի չի կարողանում, որի արդյունքում էլ հետզհետե կորցնում է իր հեռանկարայնությունն ու վերածվում տնտեսապես մեկուսացված կղզյակի:
Էռնեստ Ջանփոլադյան