Նախկին պատգամավոր, ԱԺ նախագահի խորհրդական Մկրտիչ Մինասյանը, «Առավոտին» տված հարցազրույցում խոսելով վերջին շրջանում ներքաղաքական կյանքում նկատվող անցուդարձերից, երկրում ստեղծված սոցիալ-հոգեբանական մթնոլորտից, կարծիք է հայտնել, որ «մեր երկիրն իսկապես ժողովրդավարական երկիր է, ուր լիարժեքորեն իրացվում են քաղաքացիների իրավունքները: Այլ բան է, որ քաղաքացիներն իրենց առջև ոչ իրատեսական խնդիր են դնում՝ բացառելով կրիտիկական զանգվածի ձևավորման հնարավորությունը. վերջին տարիներին իշխանությունների գործադրած քայլերն ի սկզբանե բացառում են ՀՀԿ-ի համար անցանկալի որևիցե սցենարի հավանականություն:
Այս տեսակետին, անկասկած, միայն Մինասյանը չէ, որ հարում է. այդպես է մտածում, առհասարակ, ողջ իշխանությունը, ինչը պետք է նկատել, մի շարք անխուսափելի հարցեր է ծնում: Նախ անհասկանալի է այն, թե ինչ է հասկացվում «ոչ իրատեսական խնդիրներ» ասվածի տակ: Հասարակության պահանջներն անիրատեսական են ինքնի՞ն որպես պահանջ, թե՞ անիրատեսական են դառնում՝ բացառապես հայաստանյան պայմաններում: Իրականում իշխանությունները վաղուց սովորություն են դարձրել հասարակությանն անինքնավստահություն ներշնչելն ու առնվազն ենթագիտակցական մակարդակով համոզելը, թե անիրատեսական է ներկա իրավիճակում եղածից ավելին պահանջելը: Իբր անում են իրենցից կախված ամեն բան՝ երկրում բոլոր իմաստներով առավել առողջ մթնոլորտ ձեևավորելու համար, ու որևիցե սուբյեկտիվիզմ ի սկզբանե գոյություն ունենալ չի կարող այն իրականությունում, որում ապրում ենք բոլորս: Միևնույն ժամանակ հասկանալի է նաև, որ Հայաստանի քաղաքացիների բացարձակ մեծամասնության բողոքը պայմանավորված է ոչ միայն կամ ոչ այնքան սոցիալ-տնտեսական վատթար վիճակով, որքան արդարության հասնելու բնական ձգտումով. այսօր շատերին հենց պարզ արդարությունն է պակասում, այլ ոչ թե հանապազօրյա հացը՝ հակառակ պարագայում նույն արտագաղթողների շարքերում ահռելի տոկոս չէին կազմի սոցիալապես կայացածներն ու օրվա հացի խնդիր չունեցող ընտանիքները:
Հասարակության մի ստվար հատվածի առաջնային պահանջը, թերևս, պետք է մարդու բնատուր իրավունքի՝ ընտրելու անխոչընդոտ ռեալիզացման պահանջը համարել: Մարդիկ այդպես էլ տասնամյակներ ի վեր չեն կարողանում հասնել նրան, որ իրենց ձայնը լսելի դառնա երկրում իշխանություն ձևավորելիս, ինչի արդյունքում, եթե հետևենք վիճակագրությանը, տարիների ընթացքում նույն իշխանությունների համար է՛լ ավելի մեծ խնդիր է դառնում ընտրությունների անցկացումն՝ առնվազը դրանց մասնակցողների կրիտիկական քանակի ապահովման իմաստով: Նույնիսկ շատ դեպքերում հենց սույն խնդիրը լուծելու համար է, որ ընտրակաշառք է բաժանվում՝ հույսով, որ գոնե փողը վերցնելուց հետո մարդիկ գոնե կգնան ու կքվեարկեն: Այս իմաստով հակառակ զուգահեռներ կարելի է անցկացնել նույն ՌԴ-ում կայացած նախագահական ընտրությունների ու հայ իրականության միջև. մասնակցության մակարդակը ՌԴ-ում ու դրա սահմաններից դուրս նոր ռեկորդներ է սահմանել: Խոսքը նաև Հայաստանի մասին է: Այսիքն՝ ընտրելու բնական պահանջ ունեն, ըստ էության, բոլորը: Այլ հարց, որ լսելի չդառնալու վախից է նաև, որ Հայստանում քաղաքական ընտրություններին գնացող ընտրողների կրիտիկական զանգված ապահովելն է չափազանց խրթին հարց դարձել, ինչը, թերևս, նաև պետք է պայմանավորել հայաստանյան ընդդիմության անկարողությամբ: Չգիտես ինչու տարիներ ու տասնամյակներ ի վեր չի հաջողվում միասնական ընդդիմադիր ճակատ ձևավորել ընտրությունների նախօրեին ու ժողովրդին հույս ներշնչել, ինչի արդյունքում պարբերաբար ականատես ենք դառնում ընդդիմադիր ընտրազանգվածի ձայների փոշիացմանն ընդամենը: Այսինքն՝ աշխատում է իշխանությունների սցենարն, ինչի արդյունքում է նաև, որ հնարավոր է դառնում գործող իշխանությունների վերարատադրությունը: Ասել կուզի՝ Հայաստանի ներկա գաղջ վիճակի հիմնական մեղավորը ոչ միայն իշխանություններն են, այլև չեղած ընդդիմությունը, որն ուղղակի գոլորշի բաց թողողի ֆունկցիաներ է իրեն վերագրել ու հաջողությամբ իրականացնում է իշխանություններից եկող հանձնարարությունները:
Իրատեսակա՞ն է, արդյոք, այս իրավիճակի փոփոխությունը, թե՞ հասարակությունն իսկապես դատապարտված է՝ ստիպված լինելով կա՛մ համակերպվել, կա՛մ բռնել արտագաղթի ճանապարհը՝ որպես խուլ բողոքի ամենաարդյունավետ մեթոդ…
Հրանտ Դալլաքյան