Հաճախ, երբ Կառավարությունում փորձում են հասարակությանը համոզել սեփական արդյունավետության մեջ, վկայակոչում են տնտեսական այնպիսի ցուցանիշներ ու թվեր, որոնք գոնե ականջ կամ աչք շոյելու իմաստով անխոցելի կարող են թվալ: Դրանցից մեկն, օրինակ, տնտեսական ակտիվության մասին խոսող վերջին ցուցանիշներն էին:
ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության զեկույցից պարզ էր դարձել, որ 2018 թվականի հունվարին, 2017 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, Հայաստանի տնտեսական ակտիվությունն աճել է 10.2%-ով: Ըստ այդմ՝ արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 13.9%-ով, ծառայությունները՝ 15.2%-ով, ներքին առևտրաշրջանառությունը՝ 17.3%-ով, շինարարության ոլորտը՝ 19.7%-ով։
Գյուղատնտեսական արտադրանքի ծավալը նախորդ տարվա հունվարի նկատմամբ նվազել է 0.4%-ով և կազմել 17.5 մլրդ դրամ։ Կարճ ասած՝ տպավորություն էր՝ ասես ևս մի քանի նմանատիպ տարի, ու մեզ կհաջողվի ճեղքում գրանցել:
Իրականում, սակայն, նույն տնտեսական ակտիվության ցուցանիշից պակաս կարևոր չէ նաև մեկ այլ՝ թերևս, ոչ պակաս էական մի հանգամանք՝ արտաքին առևտրի հաշվեկշռի բալանսը: Ահա այստեղ է, որ արդեն բավական ժամանակ է, ինչ մեր երկրին չի հաջողվում ոչ միայն որևիցե դրական տեղաշարժ գրանցել, այլև, ինչպես վկայում են համապատասխան ցուցանիշները, վիճակը հեզտհետե է՛լ ավելի անհույս է դառնում, ինչի պատճառը, ըստ էության, ներմուծման առաջանցիկ աճն է: Արտաքին առևտրի բացասական հաշվեկշիռը վերսկսել է արագորեն խորանալ։ Արտահանման և ներմուծման տարբերությունն արդեն անցած տարի կազմեց ավելի քան 1,9 մլրդ դոլար։ Մինչդեռ մեկ տարի առաջ չէր հասնում 1,5 միլիարդի. 2017թ. ՀՀ արտաքին առևտրաշրջանառությունը 2016-ի համեմատ արտաքին առևտրի ծավալն աճել է 26.9%-ով և կազմել 6 մլրդ 425.5 մլն դոլար։ Այդ թվում, արտահանումն աճել է 25.2%-ով՝ հասնելով 2 մլրդ 242.9 մլն դոլարի, իսկ ներմուծումը՝ 27.8%-ով կազմելով 4 մլրդ 182.7 մլն դոլար:
Բոլորն են, հավանաբար, հիշում մասնավորապես՝ վարչապետ Կարապետյանի՝ միառժամաակ կատարած հայտարարությունն այն մասին, որ Կառավարությունն իր առաջ այսուհետ խնդիր է դնելու ներմուծումը փոխարինել արտահանմամբ: Այսինքն՝ արտահանման աճին զուգահեռ պետք է տեղի ունենար ներմուծման նվազում: Նկատենք, որ նման տեսակետը բավական ջերմ արձագանքներ էր գտել հատկապես տնտեսագետների շրջանում, քանի որ հանրահայտ է՝ քանի դեռ նմանատիպ պրոցես տեղի չի ունեցել, խոսել տնտեսական ռեալ զարգացման մասին ուղղակի անտեղի է, ինքնախաբեություն: Ցանկացած նորմալ երկիր ձգտում է նախ ներքին ռեսուրսների հաշվին բավարարել սեփական պահանջմունքներն ու հետո միայն մտածել արտահանման մասին: Այսինքն՝ արտահանմանը զուգահեռ գուցե պետք է որոշակի պրոտեկցիոնիստական քաղաքականություն վարել հատկապես Հայաստանի նման երկրի պարագայում, ուր խիստ հրամայական են տեղական արտադրությունը խթանելն ու աշխատատեղերի ստեղծումը՝ պայմանաորված նախևառաջ երկրում ստեղծված սուր սոցիալ-տնտեսական իրավիճակով (արտագաղթի թիվ մեկ պատճառն աշխատատեղերի բացակայությունն է): Այնինչ փաստացի գործ ունենք անհասկանալի իրավիճակի հետ. մի կողմից խոսվում է վերջին տարիների կտրվածքով արտահանման թռիչքաձև աճի մասին, մյուս կողմից աննախադեպ տեմպերով ուժեղանում է Հայաստանի տնտեսության կախվածությունը դրսից: Պետք է հասկանալ՝ գլոբալիստների թելադրանքի արդյո՞ւնք է սա կամ ինչ-որ այլ դավադրությա՞ն, թե՞, այնուամենայնիվ, կառավարության՝ երկրում ստեղծված իրավիճակին մատների արանքով նայելու բնական հետևանք: Վերջիվերջո եթե չենք սխալվում՝ ինքնիշխան պետություն ենք ու եթե որոշենք մի փոքր սահմանափակել դրսից ներմուծումն ու գոնե այդ կերպ խրախուսել տեղական արտադրողին, մեզ դժվար թե դրա համար նախատեն ու ասենք տնտեսական պատժամիջոցներ սահմանեն: Հետևաբար՝ կառավարության համար առաջնային խնդիրներից մեկն ինքաբավության ձգտումը պետք է լինի՝ հաշվի առնելով նաև մեր՝ պատերազմող երկիր լինելու հանգամանքը: Այնինչ ճիշտ հակառակին ենք ականատես դառնում ու հետո հանգիստ տոնով խոսում արտագաղթի կասեցման անհրաժեշտության մասին: Համաձայնե՛ք ներմուծումը չի կարող ելք լինել՝ հատկապես հաշվի առնելով ոլորտում հաստատված խաղի կանոնները:
Էռնեստ Ջանփոլադյան