Foto

Օրինապահ հարկ վճարողների աշխատանքը կհեշտացվի

Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանն անդրադարձավ հարկային ստվերի ռիսկերին և ոլորտային խնդիրներին:

2017 թվականին պետական բյուջեի եկամուտները 2016 թվականի  համեմատ աճել են շուրջ 125 մլդ դրամով: Չնայած նշված ցուցանիշին, վարչապետը, սակայն, արձանագրեց, որ դեռևս հարկային խնդիրներ կան ստվերի նվազեցման օրենսդրական ոչ հստակ կարգավորումների  հետևանքով հարկերի վճարումներից խուսափելու կամ արհեստական նվազեցնելու, ինչպես նաև հարկային արտոնությունների  հստակության և նպատակային օգտագործման հարցերում:

«Նշվածի կապակցությամբ ՊԵԿ-ի կողմից վերջերս կազմակերպվել են 18 ոլորտի ավելի քան 500 հարկ վճարողի հետ հանդիպումներ և կատարվել են ուսումնասիրություններ: Արդյունքում հարկային խնդիրների վերաբերյալ արձանագրված խնդիրների լուծումները  գտնվում են մի շարք այլ գործադիր մարմինների գործառույթների տիրույթում»,- նկատեց Կարապետյանը:

Գործադրի ղեկավարը  ՊԵԿ նախագահին հանձնարարեց 7-օրյա ժամկետում  իրականացված ուսումնասիրությունների արդյունքում  արձանագրված խնդիրների, ըստ ոլորտների փոխանցել պետական գործադիր մարմինների ղեկավարներին՝ ներկայացնելով դրանց հնարավոր լուծման առաջարկություններ:

Կարապետյանը Կառավարության աշխատակազմի ղեկավարին հանձնարարեց 10-օրյա ժամկետում  մշակել և ներկայացնել միջգերատեսչական աշխատանքային խումբ ստեղծման վերաբերյալ որոշման նախագիծ՝ հստակ սահմանելով, որ համապատասխան խումբը սեղմ ժամկետներում Կառավարության աշխատակազմ  կներկայացնի օրինապահ հարկ վճարողների նկատմամբ վարչարարության մեղմացման, հարկային ստվերի ռիսկների նվազեցման, դրան նպաստող մեխանիզմների վերացման  և ոչ հստակ կարգավորումների շտկման, արտոնությունների կիրառման հստակեցման, ինչպես նաև վեր հանված ոլորտային և համակարգային խնդիրների լուծումների վերաբերյալ առաջարկություններ:

«Բոլոր լուծումները, որոնք ներկայացնելու է այդ աշխատանքային խումբն ամենաառաջնային պայմանը օրինապահ հարկ վճարողների  աշխատանքը հեշտացնելն է»,-նկատեց վարչապետը:

Vesti.am