Foto

Հարգելի Կառավարություն, դուք չունեք ամոթ. Նաիրա Զոհրաբյան

«Ազգային վիճակագրական ծառայությունը կամ այն պաշտոնյաները, որոնք ապատեղեկատվություն են տրամադրում կառավարության ղեկավարին, թե գնաճը 2,6 տոկոս է, պետք է ենթարկվեն պատասխանատվության»: Փետրվարի 16-ին, ԱԺ արտահերթ նիստում Հարկային օրենսգրքի փոփոխությունների վերաբերյալ օրենքի նախագծի քննարկման ժամանակ    հայտարարեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

Զոհրաբյանը ելույթի ընթացքում ներկայացրեց տարբեր մթերքների վերաբերյալ՝ կաթ, միս, շաքար, ՄԱԿ-ի պարենի կազմակերպության գները, ըստ որի կտրուկ գնանկում է տեղի ունեցել.

«Ինչպես է լինում, որ այդ պարագայում մեզ մոտ գնաճ է տեղի ունենում: Կխնդրեի այստեղ հրավիրել նաև բենզինի ու դիզվառելիքի ոլորտի տիրակալներին, որ բացատրեին, թե ինչպես է լինում, որ Ռուսատանում օրինակ բենզինն ու դիզվառելիքը թանկանում են մոտավորապես 8 տոկոսով, Հայաստանում մոտ 30 տոկոսով: Միգուցե այդ մարդիկ, բենզինի «դոն կոռլեոնեները», ունե՞ն այդ հարցի պատասխանը:  Չի կարելի անըդհատ զբաղվել էժանագին մանիպուլյացիաներով:

Հարգելի Կառավարություն, դուք չունեք ամոթ, եթե ամոթ ունենայիք չէիք փորձի թվային աճպարարություններ անել, միայն նրա համար, որպեսզի 30 րոպե հետո գաք միահամուռ քվեարկեք և մերժեք այս նախագիծը»,-եզրափակեց Նաիրա Զոհրաբյանը:

Vesti.am