Կառավարության ղեկավարն այսօրվա նիստում անդրադարձավ թվայնացման ոլորտում միջացգային վարկանիշներին և գործողություններին:
«Հայաստանի թվային փոխակերպման ներկայիս միջազգային վարկանիշային ցուցանիշները բավարար չեն, ինչը հատկապես պայմանավորված է անհրաժեշտ, ամբողջական վիճակագրական տվյալների և մշտադիտարկման գործիքակազմի բացակայությամբ: Զուգահեռաբար հարկավոր է նաև ընդլայնել անձանց մատուցվող պետական ծառայությունների թվային գործիքներով տրամադրման շրջանակը՝ դրանց միջոցով պարզեցնել վարչարարությունը, նվազեցնել ժամկետները և հնարավոր կոռուպցիոն ռիսկերը»,-ասաց Կարեն Կարապետյանը:
Վարչապետը հանրապետական գործադիր մարմինների ղեկավարներին և «Թվային Հայաստան» հիմնադրամի գործադիր տնօրեններին հանձնարարեց երկամսյա ժամկետում գույքագրել և մշակել կոնկրետ գործողություններ՝ ուղղված միջազգային թվային վարկանիշներում հայաստանյան ցուցանիշի բարելավմանը և առաջընթացի ապահովմանը: Մեկամսյա ժամկետում ամփոփել և արձանագրել առաջիկայում թվայնացման ենթակա առաջնային պետական ծառայությունների շրջանակը և դրանք ներկայացնել Կառավարության աշխատակազմ:
Վարչապետը Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարին հանձնարարեց ստանձնել տեղեկատվության և հաղորդակցման տեխնոլոգիաների վարկանիշներում հայաստանյան ցուցանիշների բարելավմանն ուղղված մշտադիտարկման և համապատասխան մարմինների մասնագիտական օժանդակության տրամադրման գործառույթը:
Գործադրի ղեկավարն Ազգային վիճակագրական ծառայության պետին առաջարկեց մեկամսյա ժամկետում թվային գործիքների կիրառման և զարգացման, ինչպես նաև այլ ոլորտների էլեկտրոնային վիճակագրական բազային հիմքեր ստեղծելու և այդ հարթակի միջոցով տարեկան տվյալների ամբողջական հավաքագրում ապահովելու նպատակով: Թվային Հայաստան հիմնադրամի հետ համատեղ մշակել և Կառավարության աշխատակազմ ներկայացնել առաջարկություն՝ e-Statistics պիլոտային ծրագրի նախաձեռնման և իրականացման վերաբերյալ:
«Այս վարկանիշով մենք անտրամաբանականորեն հետ ենք: Հետ ենք, ոչ թե այն պատճառով, որ մեր վիճակն է այսքան վատ է, այլ հետ ենք, քանի որ ռեգուլյար անհրաժեշտ ինֆորմացիան չենք տրամադրել»,-ասաց նա:
Vesti.am