Հանությանը հուզող թիվ մեկ թեման` մոլեգնող գնաճը, շարունակում է լայն քննարկման առարկա մնալ ոչ միայն հասարակական շրջանակներում, այլև իշխանական, կառավարական:
Պարզվում է ՀՀԿ-ական հայտնի դեմքերից որոշել է հետ չմնալ նաև գյուղատնտեսության նախարար Իգանտի Առաքելյանը. խոսելով, մասնավորապես, մսամթերքի շուկայում առկա թանկացումներից` հայտարարել է, թե միս արտադրողը միանգամայն երջանիկ է այսօր`մսի գնի թանկ լինելու շնորհիվ ու հավելել. «Հիմա ի՞նչ եք առաջարկում, չթողնեի՞նք, որ գյուղացին լավ ապրի»:
Ով ինչ ուզում է թող ասի, բայց թանկացումներն, այնուամենանիվ, ունեցան որոշակի դրական նշանակություն. դրանց շնորհիվ հնարավոր դարձավ բացահայտել հայ իշխանավորների մտքի թռիչքի բարձրությունն ու իրական վերաբերմունքը սեփական ժողովրդի հանդեպ, իսկ ավելի ճիշտ` դրական վերաբերմունքի փաստական բացակայությունը: Այսպիսով` ի՞նչ է ստացվում Իգնատի Առաքելյանի ասածից: Ստացվում է այն, որ այժմ, պայմանավորված մսի շուկայում գների թանկացմամբ, Հայաստանյան գյուղերում քեֆ-ուրախություն է տիրում, մի իսկական հարսանիք. թիվ ա, որ խփում են: Էլ ի՞նչ է պետք երջանիկ լինելու համար:
Առաքելյանի տրամաբանությունն իրականում ֆենոմանեալ է, ու եթե հետևենք Առաքելյանի մտքի թռիչքին, ապա ստացվում է, որ գնաճը, որն, ինչպես հայտնի է, միայն մսին չի վերաբերում, ակամա պատճառ է դարձել համայն հայության երջանկության: Իհարկե, ոչ ոք չի վիճարկում այն, որ նույն վառելիքի շուկայում առկա գնաճի շնորհիվ այսօր ասենք նույն Բարսեղ Բեգլարյանն իրեն շատ ավելի երջանիկ է զգում, քան երեկ: Ո՞վ, ո՞վ, բայց գնաճից հաստատ օլիգարխները չէ, որ տուժում են: Պարզապես այստեղ հարցն այն է, թե Առաքելյանն ինչից հանկարծ ենթադրեց, թե մսի գնաճը կարող է հանգեցնել անասնակերի պակասի հետևանքով հարկադիր մորթի գնացող շարքային գյուղացիների բերկրանքին: Փոխարենը գյուղացիների երջանկության կասկածելի բանաձևեր բարձրաձայնելու` շատ ավելի ճիշտ կլիներ, եթե Առաքելյանը մեզ բացատրեր, թե այդ ինչպե՞ս է պատահում, որ հայաստանցիներս այդպես էլ կարոտ ենք մնում տեղական մսին: Իսկ միգուցե գնաճի պատճառը նաև անասունների չհամակարգված արտահանո՞ւմն է երկրից ու տեղականը ներմուծվածով փոխարինելու կառավարության քաղաքականությո՞ւնը: Հետաքրքիր է` իսկ Իգնատի Առաքելյանն ինչով է երջանկանում այս կյանքում, տեսնես գնաճը ազդել է նրա գրպանի պարունակության վրա և եթե այո ապա ինչպե՞ս, դրականորե՞ն, թե՞ հակառակը…
Ցավոք, ստիպված ենք ևս մեկ անգամ ֆիքսել այն մակերեսային, անլուրջ վերաբեմունքը, որ կա այսօր ժողովրդի, երկրի հանդեպ մի շարք վայ չինովնիկների մոտ: Հասկանալի է` փորձում են ինչ-որ բառախաղերի միջոցով մեղմել բացասական ֆոնը, խավարի մեջ իբր լույսի շող գտնել, հուսադրել հասարակությանը`իհարկե ելնելով բացառապես սեփական քաղաքական շահերից: Բայց դա անում են այնպես, որ ճիշտ հակառակ էֆեկտի են հանգում` չհասկացվածության ու պախարակման:
Պարոնա՛յք, ավել-պակաս փիլիսոփայելու փոխարեն գո՛րծ արեք…
Էռնեստ Ջանփոլադյան
Vesti.am