«Գենետիկորեն ձևափոխված օրգանիզմներ՝ այլընտրա՞նք, թե՞ պարտադրանք» թեմայով խորհրդարանական լսումների ժամանկ ԳԱԱ Էկոկենտրոնի սննդի շղթայի ռիսկերի գնահատման կենտրոնի ղեկավար, պարենային իրավունքի փորձագետ Դավիթ Պիպոյանը հայտարարեց, որ Գյուղատնտեսության նախարարությունը ծուլանում է:
«Մեր կենտրոնը իտալացիների հետ սերտ աշխատանքային համագործակցության մեջ է ու համատեղ քննարկումների ընթացքում շատ է լսել եվրոպացի փորձագետներից, որ Վրաստանը ակտիվորեն ներգրավված է արժեքավոր գյուղատնտեսության զարգացման հարցում, մինչդեռ Հայաստանն այդ ուղղությամբ ջանքեր չի գործադրում։ Ինչո՞ւ է Հայաստանի Հանրապետությունն ի դեմս կառավարության և գյուղատնտեսության նախարարության ծուլանում իրականացնել աշխատանքները։ Կարծում եմ՝ եթե այս հարցերին պատասխան տրված լիներ, ապա այսօր մենք քննարկելու որևէ բան չէինք ունենա», - հայտարարեց Պիպոյանը։
«Մենք ունենք բազմաթիվ ոլորտներ, ինչպես նաև՝ ծիրան, Սևանի իշխան, կարտոֆիլ և մի շարք գյուղատնտեսական ապրանքներ, որ կարելի էր արժեքավորել։ Մեր կենտրոնի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ Հայաստանում չկա մի որևէ մարզ, որը արժեքավորված գյուղատնտեսության զարգացման նախադրյալ չունի», - ասաց նա:
Նշենք նաև, որ այսօր խորհրդարանական լսումների ժամանակ Գյուղատնտեսության փոխնարարար Աշոտ Հարությունյանը հայտարարել էր, որ Հայաստանում շրջանառվող և մշակվող սերմերը մինչ օգտագործելը 2-3 տարի փորձարկում են անցել Սերմերի գործակալության պետական ոչ առևտրային կազմակերպությունում, ուսումնասիրվել է դրանց տնտեսական արդյունավետությունը:
Vesti.am