Վարչապետ Կարեն Կարապետյանը ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեում ծանոթացել է 2017 թ. գերակա խնդիրների կատարման և միջոցառումների իրականացման արդյունքներին, ինչպես նաև 2018 թ. անելիքներին: Այդ մասին հայտնում են ՀՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության միջոցների և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանը զեկուցել է, որ 2017-ին 2016-ի համեմատ ոռոգվող հողատարածքներն ավելացել են 8 հազար 930 հեկտարով կամ աճը կազմել է 9,2 տոկոս՝ հասնելով 97 հազար 470 հեկտարի: Նրա խոսքով, նախորդ տարին ջրի սակավության առումով վերջին հարյուրամյակի ընթացքում եղել է վատագույններից, իսկ 2016-ը համարվել է լավագուն տարիներից մեկը: Հարությունյանն ընդգծել է, որ այդ առումով 2017-ի վատ տարում 2016-ի համեմատ ապահովվել է ջրամատակարարման 28 տոկոսի աճ՝ 1 մլն 130 խմ չափով, ոռոգվող հողատարածքները մեկ հեկտարի մասով 5130 խմ-ից հասցվել են 6001 խմ-ի: 2017-ին ջրամատակարարման հասույթը 2016-ի համեմատ ավելացել է 1 մլրդ 420 մլն դրամով, հավաքագրումները՝ 380 մլն դրամով: Կոմիտեի նախագահի տեղեկացմամբ, 2017-ին հավաքագրման ծավալը կազմել է 4 մլրդ 150 մլն դրամ, ինչը կոմիտեի պատմության ընթացքում հավաքագրման առավելագուն չափն է: Մեխանիկական ջրարտադրության մասով 2017-ը համեմատվել է նմանատիպ երաշտային՝ 2014 թվականի հետ, 1 խմ մեխանիկական ջրի արտադրության վրա ծախսվել է 0,11 կվտ/ժ-ով ավելի քիչ էլեկտրաէներգիա, ինչը գումարային տեսքով կազմել է 1 մլրդ 160 մլն դրամ:
Ի պատասխան վարչապետի հարցի՝ պատասխանատուները նշել են, որ 2018-ին խնդիր է դրվել հանրապետության ոռոգելի հողատարածքների թիվը հասցնել 110 հազար հեկտարի:
«Առաջարկս հետևյալն է. նպատակը, որը դնում եք՝ չդնեք այնպես, որ հետո 102 տոկոսով կատարեք: Կատարեք 92, 87 տոկոսով, բայց նպատակը բարձր սահմանեք: Մինչև սեզոնի սկսելը հստակ ձևակերպեք, յուրաքանչյուր ՋՕԸ-ի առջև դրեք իր խնդիրը, ամեն ՋՕԸ-ի տնօրեն պետք է իմանա այս տարի որքանով ավելի պայմանագիր պետք է բերի: Ջրի կորուստը պետք է նորմատիվով հաստատվի, ինչի համար յուրաքանչյուր ՋՕԸ-ն իր նորմատիվը պետք է ունենա, հաշվիչները պետք է մուտքի, ելքի վրա դրված լինեն: Այս առումով, անհրաժեշտ է մաքսիմալ օգտագործել դրամաշնորհային ծրագրերը, յուրաքանչյուր ՋՕԸ պետք է տարանջատված լինի, նրանց կոնֆիգուրացիան պետք է այնպես լինի, որ իր կառավարման դաշտը մաքսիմալ հաշվարկելի լինի: Պարզ խնդիր է, հեշտ խնդիր չէ, բայց անլուծելի որևէ բան չկա: Այնպես որ, ձեզնից ակնկալում ենք ծրագիր: Մենք գյուղատնտեսություն չենք զարգացնելու, եթե ՋՕԸ-երի համակարգում ռեֆորմ չանենք»,- ընդգծել է Կարեն Կարապետյանը:
Զեկուցվել է, որ ջրի հաշվառման համակարգի բարելավման նպատակով առաջնային կերպով նախատեսվում է ներդնել 2100 ջարափիչ սարք:
«Դրանք պետք է ներդրվեն փուլ առ փուլ, պարզ է՝ վերջում մենք հաշվառման ամբողջ դաշտը պետք է փակենք»,- նշել է վարչապետը:
Անդրադառնալով պոմպակայանների գործունեությանը՝ կառավարության ղեկավարն առաջարկել է դիտարկել դրանք նաև մասնավորին կառավարման հանձնելու հնարավորությունը:
«Ջրային կառավարման համակարգում շատ կտրուկ, հստակ ձևակերպում եք խնդիրը: Մինչև սեզոնի մեկնարկը ձեզ մոտ արտակարգ իրավիճակ է: Այստեղ ձեզնից սպասում ենք հեղափոխություն: Մինչև տարեվերջ պետք է ունենաք ծրագիր, թե մեր վաղվա ՋՕԸ-ն ինչ է լինելու»,- նշել է Կարեն Կարապետյանը: