Foto

Պուտինը բացահայտում է քայլերի հաջորդականությունը. ի՞նչ պետք է անի Հայաստանը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, պայմանավորված այս տարվա հունվարի 1-ից ԵԱՏՄ բարձրագույն մարմիններում Ռուսաստանի ստանձնած նախագահությամբ, ԵԱՏՄ երկրների ղեկավարներին ուղղված իր խոսքում բավական ուշագրավ հայտարարություններով է հանդես եկել, որոնցում արտացոլվել է Մոսկվայի տեսլականը` ԵԱՏՄ-ի` որպես աշխարհաքաղաքական ու աշխարհատնտեսական կառույցի վերաբերյալ: Այն շեշտադրումները, որոնք հանդիպում են Պուտինի խոսքում, ըստ էության, ամբողջացնում են նրա ունեցած տեսլականն այս հարցի հետ կապված. Մոսկվան անասելիորեն շահագրգիռ է կառույցի արագ կայացման, դրա էֆեկտիվության բարձրացման, հզորացման հարցում և հույս ունի, որ անդամ երկրները նույնպես կիսում են այն գաղափարները, որոնք Կրեմլն առաջիկայում փորձելու է առաջ մղել, կյանքի կոչել:

Նախ`ՌԴ նախագահի խոսքից պարզ է դառնում, որ կառույցը նպատակ ունի ոչ թե ինքն իրեն հակադրելու մնացյալ աշխարհին ու պարփակվելու, ինչպես մտածում են նույն Արևմուտքում,  այլ ընդհակատակը` նոր ու է՛լ ավելի ամուր կամուրջներ ձգելու ինչպես համաշխարհային կարևոր տարածաշրջանների, համաշխարհային տնտեսությունում ասելիք ունեցող երկրների, այնպես էլ ԱՊՀ անդամ բոլոր պետությունների հետ: Մասնավորապես նա կարևորել է  ազատ առևտրի հնարավորությունների ընդլայնումն այնպիսի երկրների հետ ինչպիսիք են Եգիպտոսը, Իսրայելը, Հնդկաստանը, Իրանը, Սերբիան, Սինգապուրը` առանձնահատուկ տեղ հատկացնելով Չինաստանին, որին Մոսկվան դիտարկում է կարևորագույն խաղացող` բոլոր առումներով:

Իսկ թե ինչպես կարելի է հասնել այս ամենին և կամ ինչ պետք է անել աշխարհի հետ արդյունավետ երկխոսություն ծավալելու համար, Մոսկվայի համար առավել քան ակնհայտ է. առաջնային խնդիր է դիտարկվում նախևառաջ Միության ներսում անդամ երկրների համագործակցության խորացումը, առևտրի ծավալների մեծացումը, տնտեսական կարևորագույն հարցերում համաձայնեցված գործելու ընդունակությունն ու, ըստ էության, բոլոր իմաստներով միմյանց միջև ներդաշնակ հարաբերությունների մեջ գտնվելը, ինչն, ըստ Պուտինի վերջնարդյունքում հանգեցնելու է Միության երկրների հասարակությունների բարեկեցությանն ու  մրցունակության բարձրացմանը:

Ինչպես հայտնի է, շուտով Ռուսաստանում ընտրություններ են:  Այս իմսատով Պուտինի ուղերձը պետք է շատ առումներով խորհրդանշական համարել, քանի որ սրանով, ըստ էության, Պուտինը վերահաստատում է առնվազն իր նախագահության օրոք ՌԴ վճռակամությունը` անելու ամեն ինչ` ԵԱՏՄ-ն վերջապես կայացնելու, այն զարգացման անշեղ ուղի փոխադրելու համար, ինչը հատկապես մեզ պես երկրի համար չի կարող ոգևորիչ չլինել: Պետք է հասկանալի լինի, որ ԵԱՏՄ առաջընթացն ու դրա դիրքերի ամրապնդումն աշխարհում որքանով որ կարևոր է ասենք նույն Ռուսաստանի համար, նույնքան էլ կարևոր է Հայաստաի համար, քանի որ Հայաստանի համար անհնար է լինելու տնտեսական այս անդունդից դուրս գալը` առանց մաս կազմելու որևիցե արդյունավետ կառույցի, այս պարագայում ԵԱՏՄ-ի:

Ճիշտ է` մյուս կողմից, սակայն, պետք է հասկանալ, որ ԵԱՏՄ հնարավոր առաջընթացն ու մրցունակության բարձրացումն, ինչի մասին, ըստ էության, խոսում է Պուտինը, ինքնաբերաբար չի նշանակելու Հայաստանի առաջընթաց կամ տնտեսական հզորացում: Որպեսզի հնարավոր լինի օգտակար պտուղներ քաղել այդ առաջընթացից նախ հարկավոր է լինելու  սեփական դիրքերն ամրապնդել Միության ներսում, ստեղծելու համապատասխան միջավայր` ներդրումներ բերելու, Հայաստանը լայն իմաստով կցելու ԵԱՏՄ տնտեսությանը: Ակնհայտ է, որ այս կառույցի ստեղծման բուն նպատակը Եվրասիա մայրցամաքն Արևմուտքին չնվիրաբերելու Ռուսաստանի ձգտումն է, ռեսուրսներն ու ներուժը այսպես ասած ներսում պահելը, ինչը, բնականաբար, հավելյալ հնարավորություններ է ստեղծում Հայաստանի համար, հնարավորություն տալիս ավելի մրցունակ լինել, քան հիմա նույն արևմտյան շուկաներում: Ի դեպ` Պուտինը կարևորել է Միության անդամ երկրների տեխնոլոգիական առաջընթացը նույնպես, ինչը, հաշվի առնելով Հայաստանի` բարձր տեխնոլոգիաների ոլոտում ունեցած պոտենցիալը, կարող է հզոր ազդակ հանդիսանալ նաև ՏՏ ոլորտի առաջընթացի համար. մեր տված արտադրանքը կարող է լայն պահանջարկ ունենալ հատկապես ԵԱՏՄ ներքին շուկայում` պայմանավորված միանգամայն օբյեկտիվ գործոններով:

Իսկ որպեսզի Հայաստանը կարողանա օգտվել բարիքներից, նախ պետք է ներքին արտադրություն զարգացնի, դառնա ոչ թե առավելապես ներմուծող երկիր, այլ ձգտի արտահանման աճի, բայց ոչ թե միայն գյուղատնտեսական ապրանքների, այլև շատ ավելի լայն շրջանակ ընդգրկող ապրանքատեսակների` տեխնոլոգիականից մինչև հանքարդյունաբերական: Հակառակ պարագայում ստիպված ենք լինելու վիզներս ծռած հեռվից հետևել մյուսների առաջխաղացմանն ու երանի տալ (Ղազախստանի ու ԱՄՆ միջև վերջերս կնքված 7 մլրդ դոլարի պայմանագրերը դրա վառ ապացուցն են) այն պարագայում, երբ Հայաստանն ունի երկխոսության հարթակ դառնալու բոլոր նախադրյալները:

Ոչ ոք մեզ բարեկեցություն չի նվիրաբերելու. այն պետք է վաստակենք ինքներս:

Հրանտ Դալլաքյան