Foto

Գյուղմթերքն առնվազն հինգ տոկոս կթանկանա. Հրաչ Բերբերյան

«Ագրարագյուղացիական միավորում» ՀԿ նախագահ Հրաչ Բերբերյանը հունվարի 17-ին, լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձավ դիզվառելիքի և բենզինի թանկացմանը: Նա նշեց, որ հաշվարկել են, ըստ կուլտուրայի՝ մեկ հեկտարի համար թանկացում եղել է 10-40 հազար դրամով:

«Դա, բնականաբար, գյուղմթերքի ինքնարժեքի վրա է ազդելու, և այն մոտավորապես հինգ տոկոս կթանկանա»,-ասաց բանախոսը:

Ինչ վերաբերում է պարարտանյութերին՝ Բերբերյանը բերեց ռուս ֆերմերի օրինակը, ովքեր մեկ պարկ պարարտանյութի համար վճարում են մինչև երեք հազար դրամ, իսկ հայ ֆերմերները՝ 6000-7000 դրամ: Նա միաժամանակ ընդգծեց, որ ռուս ֆերմերը պետությունից  սուբսիդիա է ստանում, իսկ Հայաստանում ոչ մի սուբսիդավորում չկա:

ՀԿ նախագահն ասաց, որ մշակել են երեք ուղղությամբ ծրագիր, որը ներկայացնելու են կառավարությանը:

«Առաջինը վերաբերում է անասնակերի բազայի վերականգնմանը, ինչը կբերի մսի գնի էժանացման, կաթի արտադրության ավելացման։ Երկրորդը՝ բանջարաբոստանային կուլտուրաների և կարտոֆիլի նոր սորտերի զարգացմանն է վերաբերում, որոնց համար կարկուտը վտանգավոր չէ և ամենակարևորը՝ լոլիկի արտադրության վերականգնումը Հայաստանում»,-ասաց նա՝ հավելելով, որ պատրաստ են աշխատել գիտակ մարդկանց հետ, իսկ «դատարկագլուխների» հետ չեն աշխատելու:

Հրաչ Բերբերյանը նկատեց, որ ԵԱՏՄ այլ երկրներում ապրանքի ինքնարժեքն ավելի մատչելի է.  Հայաստանի խանութներում աստրախանյան ձմերուկ է հայտնվել:

«Ժողովրդի լեզվով ասած սա արդեն ախպերություն չի, շանտղություն է»,-ասաց նա:

Եզափակելով խոսքը՝ Հրած Բերբերյանն ասաց, որ ամեն դեպքում, տարին գյուղատնտեսության համար բարենպաստ է:

Vesti.am