Գնաճը շարունակում է մոլեգնել բոլոր դեպքերում` չնայած այդպես էլ մինչև վերջ գաղտնիք է մնում այն հարցի լիարժեք պատասխանը, արդյոք այն օբյեկտի՞վ, թե՞ սուբյեկտիվ գործոնների հետևանք է: Իհարկե, միանգամայն բնական պետք է համարել իշխանությունների հավաստիացումները, թե թափ առած թանկացումները օբյեկտիվ են, սակայն նույնիսկ անզեն աչքով էլ նկատելի է, որ բերվող «փաստակներն» իրականում որևիցե հակափաստարկի չեն դիմանում. շինծու են:
Այս իմաստով բավական ուշագրավ դեպք է գրանցվել Երևանում կայացած վարորդների բողոքի ժամանակ: News.am կայքի այս տեսանյութի 3,40 րոպեի զրույցից պարզ երևում է, թե ինչպես է քաղաքապետի խորհրդական Ալբերտ Գևորգյանը, փորձելով շահել զայրացած վարորդի սիրտը՝ խոստանում նրան առանձնազրույց ունենալ գծատիրոջ հետ` պլանը իջեցնելու թեմայով: Առաջին հայացքից սովորական թվացող այս խոսակցությունն իրականում բավական լուրջ հարցադրումների տեղիք է տալիս, որոնցից կարևորագույնը հետևյալն է` արդյոք Տարոն Մարգարյանի խորհրդականի խոստումը վարորդին չի՞ վկայում իրավիճակի արհեստականության մասին: Այսինքն` գների թանկացման պարագան որքանո՞վ է պատճառաբանված և որքանով ոչ: Եթե հնարավոր է գծատիրոջ համար առանց լուրջ վնասի իջեցնել պլանը, ապա մի՞թե սա չի նշանակում սա, որ ներկա պայմաններում նույն այդ գծատերերն ու դրանց գլխին կանգնածները ժողովրդի հաշվին գերշահույթներ են ստանում: Այսինքն` իրավիճակն այսպես թե այնպես արհեստական է կարծես հրահրված ինչ-որ նպատակով` հնարավոր է, քաղաքական:
Ինչպես հայտնի է, նույն Շաբոյանի գերատեսչությունը` հանրաճանաչ ՏՄՊՊՀ-ն, չի դադարում ամեն անգամ հայտարարել, թե որևիցե չարաշահում որևէ պարագայում գոյություն ունենալ չի կարող. գների թանկացումները համահունչ են օրենքին ու աշխարհին: Իսկ ահա քաղաքապետի խորհրդականի` վարորդին տված խոստումից ու գծատիրոջն արվելիք հրահանգից բոլորովին այլ տպավորություն է ստեղծվում: Եթե ամեն բան օրենքի սահմաններում է, ապա վառելիքի թանկացումների հիմնական և միակ պատճառը հարկային օրենսգրքում է: Իսկ օրենքին կողմ են քվեարկել ՀՀԿ-ականները: Որ թանկացումներն անխուսափելի էին լինելու, պարզ էր դեռ այն ժամանակ: Հիմա վառելիքի շուկայում գնաճը զսպելու կամ չեղարկելու համար օրենքի փոփոխություններ են հարկավոր, իսկ ՀՀԿ-ն ինքնասպանության պատրաստ չէ: Ամենաիրատեսականը ծածկադմփոց անելն է, ինչն էլ տեսանյութի օրինակով արվում է: Սա կոռուպցիոն գործարքի ակամա բացահայտում է: Կա՛մ գծատերերը մինչ այժմ բացարձակ գերշահույթներ են ստացել ու հիմա կարող են դրա մի փոքրիկ մասը դնել հովանավոր կուսակցության զոհասեղանին, կա՛մ հակառակը, հովանավոր կուսակցությունը գծատերերից հերթական զոհողությունն է պահանջելու, սնանկացման հասցնելով վերջիններիս ու հիմնահատակ խորտակելով հասարակական ուղևորափոխադրումների ոլորտը:
Ի դեպ, Արտակ Շաբոյանը հայտարարել է, թե կարագի գներն էժանանալու են առաջիկա 1-2 ամիսներին, ինչը վերը նկարագրված պատկերի ֆոնին բացահայտում է հարցի էությունն ու ամբողջացնում պատկերը. իշխանությունը, ըստ էության, պայմանավորված ապրիլյան հանրահայտ իրադարձություններով, որոնք դեռ պետք է տեղի ուենան, փորձում են զսպել գնաճը` անակնկալներից, անկանխատեսելի բունտերից խուսափելու համար: Հիշենք, որ խորհրդարանական ընտրություններից առաջ լցակայաններում վառելիքի գինը իջավ և անմիջապես ընտրություններից հետո նոր թափով վերելք արձանագրեց: Այս իմաստով նույն «Ելքի» կողմից կազմակերպվելիք ցույցերը պետք է ոչ միայն ներիշխանկան բուրգում ծավալվող պրոցեսների հետևանք համարել, այլև ջերմաստիճանի յուրատեսակ ստուգում` առհասարակ: Երկրում աննախադեպ իրավիճակ է, ինչը կարող է լուրջ բողոքների առիթ դառնալ` ամենաանկանխատեսելի դրսևորումներով հանդերձ. փաստացի պատային իրավիճակ է, սոցիալական պայթյունի վտանգը միանգամայն իրական է:
Հրանտ Դալլաքյան