Ցանկացած պետության համաչափ զարգացման հիմքում ընկած է մեկ հիմնական երևույթ` սոցիալական համերաշխությունը: Առանց հասարակական շերտերի միջև համերաշխության, առանց փոխօգնության ու սոցիալական արդարության մասին միանման պատկերացումների նորմալ երկիր կառուցելը 21-րդ դարում ուղղակի անհնար է:
Սովորաբար ընդունված է կարծել, որ նման վեհ գաղափարներն ու դրանց լայն կիրառումը ռեալ կյանքում բնորոշ է հիմնկանում արևմտյան զարգացած երկրներին: Սա, իհարկե, ընդհանուր առմամբ համապատասխանում է իրականությանը, սակայն արի ու տես, որ դիցուք ինչպես Բալառուսի պարագան է ցուցանում, ոչ միշտ է պատահում այնպես, որ հումանիստական գաղափարների կիրառողների շրջանակը սահմանափակվում է Արևմտյան երկրներով. ԵԱՏՄ անդամ որոշ երկրներում դրանք նույնպես պոպուլյար են:
Ալեքսանդ Լուկաշենկոն վերջերս Բելառուսի կառավարությանը հանձնարարել էր. անել ամեն ինչ` ամենասեղմ ժամկետներում ապահովելու բնակչությանը մատչելի բնակարաններով` շեշտելով, որ եթե այս հանձնարարությունը թերակատարվի, ապա նախարարներն իրենց ընտանիքներով հանդերձ որպես պատիժ ստիպված են լինելու լքել իրենց տներն ու տուն վարձել, բնակություն հաստատելով տան տերերի հետ: Ասել կուզի` Լուկաշենկոն բնակարանային խնդիրների լուծման հարցը երկրում չափազանց կտրուկ է դրել` հստակ «ուլտիմատում» ներկայացնելով համապատասխան չինովնիկներին. ժողովրդի մասին է մտածում:
Ցանկացած մարդու մեջ կարող է բնական հարց առաջանալ` իսկ մերո՞նք, մեր ղեկավարներն ինչպե՞ս են վերաբերվում աղքատության ճիրաններում հյուծվող բնակչության կենսական խնդիրներին: Նկատենք, որ միայն վերջին շրջանում աղմուկ բարձրացրած ՀՀԿ-ական որոշ պատգամավորների սկանդալային հայտարարությունները բավարար են, որպեսզի պարզ դառնա Հայաստանի ու Բելառուսի էլիտաների միջև առկա հսկայական տարբերությունը, որը, ցավոք, բնավ մեր օգտին չէ: Այստեղ վաղուց բնակարանաշինությունը կրում է միմիայն էլտար բնույթ, ու նույն իշխանությունները խոշոր հաշվով թքած ունեն, թե ով որտեղ կամ ինչպես է գոյություն քարշ տալիս: Բոլորը վաղուց մոռացել են թե՛ Գյումրվա «դոմիկներում» նախնադարյան համայնական կարգերին բնորոշ կենցաղային պայմաններում մի կերպ գլուխ պահող աղետյալների, թե՛ Ադրբեջանից փախստականների ու թե՛, առհասարակ, վատ ապրող ու օր առաջ երկիրը լքել երազող համաքաղաքացիների մասին: «Կարտո՛լ կերեք ու յա՛ն տվեք»` ահա հայկական էլիտայի` վատ ապրող մարդկանց ուղղված կոչ-պարտադրանքը: Էլ ի՞նչ սոցիալական արդարություն, էլ ի՞նչ եկամուտների հավասար բաշխում, և կամ ինչ է ասել «մարդակենտրոնություն»: Այսօր կենտրոնն էլ է փողն ու պաշտոնը, ծայրամասն էլ: Իսկ նրանք, ովքեր, միանգամայն օբյեկտիվ պատճառներով պայմանավորված, զրկված են այդ երկուսից միաժամանակ, ստիպված են կա՛մ սեփական տեղաշորի հետ միասին արտագաղթել, կա՛մ համակերպվել սեփական երկրում «եկրորդ սորտի մարդ» լինելու մտքի հետ: Վերջ:
Ճիշտ է` հանուն արդարության նկատենք, որ 2018-ը խոստանում է մի փոքր ավելի թափանցիկ լինել. Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ համայքնապետներն այլևս չեն թալանելու գյուղացիներին ու պարտավորված են լինելու վերանայել վարքականոնային հայտնի նորմերը: Հիմա մնում է միայն պարզել` Բելառուս նախարարնե՞րն են ավելի շատ ենթարկվում իրենց նախագահին, թե՞ մեր համայնքապետները` մերինին. մի քանի ամսից երևի պարզ կլինի…
Հրանտ Դալլաքյան