Foto

Նոր հնարավորություն Հայաստանի համար…

Հայաստանի և Վրաստանի նախագահները Թբիլիսիում կայացած հանդիպման ընթացքում անդրադարձել են երկու երկրների միջև ընդլայնվող առևտրատնտեսական օրակարգին՝ առաջին հերթին կարևորելով ընթացիկ համագործակցության այնպիսի նշանակալի ոլորտներ, ինչպիսիք են էներգետիկան և տրանսպորտը: Նախագահ Սարգսյանհ իր ելույթում հույս է հայտնել, որ  բոլոր հնարավորություններն առկա են՝ ընդլայնելու տարանցիկ կարողությունները: Իհարկե, մի կողմից այս հայատարարությունը կարող է վերաբերել տրանսպորտային միջանցքի առավել արդյունավետ օգտագործմանը, մյուս կողմից՝ չի կարելի բացառել, որ Սարգսյանը նկատի ուներ ոչ թե տրանսպորտը, այլ գազը՝ Հայաստան-Իրան-Վրաստան ձևաչափով: Որքանո՞վ է դա իրատեսական: Վերջերս  իրանական լրատվամիջոցները առավել հաճախ են գրում, որ դեպի Վրաստան Իրանը գազը կմատակարարի Հայաստանի տարածքով` Իրան-Հայաստան գազամուղով: Նախագծի իրականացումը կարևոր աշխարհատնտեսական նշանակություն ունի: Գազի արտահանման վերջնական ուղին Եվրամիությունն է: Իհարկե, եթե այս նախագիծը կյանքի կոչվի, ապա Հայաստանը վերջապես կդառնա էներգետիկ միջանցքի մաս, տարանցիկ երկիր: Դրանով մեր երկիրը կստանա ինչպես տնտեսական, այնպես էլ քաղաքական դիվիդենտներ: ՀՀ-ԵՄ նոյեմբերին ստորագրված համաձայնագիրը կարող է նպաստել այս նախագծի իրականացմաը: Սակայն առկա են նաև դժվարություններ, որոնք նվազեցնում են այն օգուտները, որ կարող էին լինել առանց մի շարք խնդիրների: Բանն այն է, որ ինչպես գազային միջանցքի, այնպես էլ գազի մատակարարման ծավալների վերահսկողությունն ամբողջությամբ հայտնվել է ռուսական պետական գազային ընկերության ձեռքում: Ստացվում է, որ Իրանը ոչ թե պետք է Հայաստանի հետ բանակցի գազը Վրաստան հասցնելու համար, այլ ռուսական պետական ընկերության, իսկ ավելի ճիշտ` Ռուսաստանի հետ։ Այսինքն, Իրանը կկարողանա գազ մատակարարել Վրաստանին այն ծավալով և այն տարանցիկ գումարով, որոնց հավանություն կտա Ռուսաստանը: Կարելի է ենթադրել, որ Ռուսաստանին շահեկան չէ Իրանին տեսնել որպես մրցակից: Հայաստան եկող ռուսական գազի 10 տոկոսը մնում է Վրաստանում՝ տարանցիկ վճարի դիմաց: Նախագծի իրականացման պարագայում Հայաստանն է դառնում այն երկիրը, որտեղից իրանական գազը կհասնի Վրաստան: Դժվար է հավատալ, որ ռուսական կողմը շահեկան պայմաններ կստեղծի Իրանի և Վրաստանի համար: Հնարավոր է նույնիսկ, որ ռուսական կողմն Իրանին առաջարկի սվոփային (առևտրա-ֆինանսական փոխանակային գործարք-հեղ.) գործարք կնքել, այսինքն` փոխանակել գազը միմյանց հետ: Հայաստան եկող գազի մի որոշ ծավալ կմնա Վրաստանում, իսկ իրանական գազի մատակարարման ծավալները կավելացվեն Հայաստանում:

Հաջորդ կարևոր մեսիջը, որ հնչեց Թբիլիսիում վերաբերում էր ԵԱՏՄ հետ Վրաստանի հնարավոր համագործակցությանը: Այս պարագայում ևս Հայաստանը կարող է վերածվել առանցքային օղակի՝ որը կկապի վրացական շուկան ԵԱՏՄ շուկայի հետ: Վրաստանն ամեն կերպ փորձում է իրացնել սեփական տարանցիկ տրանզիտային դերակատարումը, մասնավորապես՝ վերջին շրջանում լուրջ կապեր են ստեղծվել միջինասիական երկրների՝ Ղազախստանի, Չինաստանի հետ, անգամ սկսվել է շրջանառվել Վրաստան-Չինաստան առևտրի պայմանագրի կնքման հնարավորությունը: Հայաստանի` ԵԱՏՄ մտնելը նոր հորիզոններ է բացել վրացական շուկայի համար, քանի որ Հայաստանում վրացական կապիտալով 180 ընկերություն է գործում, որոնց համար հայկական ընկերությունների հետ համատեղ արտադրվող արտադրանքի առաքումը ԵԱՏՄ անդամ երկրների շուկաներ ավելի հեշտացել է։ Խոսքն այն ձեռնարկությունների մասին է, որոնք զբաղվում են մանրածախ և մեծածախ առևտրով, գազավորված ըմպելիքների արտադրությամբ և այլն։ Երկու երկրների տնտեսությունները փոխլրացնում են միմյանց, իսկ արտաքին բազմավեկտոր քաղաքականությունը նոր հեռանկարներ է բացում։ Եթե վրացական ապրանքները կարող են Հայաստանի տարածքով հեշտացված մեխանիզմներով հայտնվել ԵԱՏՄ շուկաներում, ապա նույն մեխանիզմը կարող է գործել հայկական արտադրանքի դեպքում։ Մնում է քաղաքական կամք դրսևորել և հաղթահարել մինչ օրս անհաղթահարելի թվացող խոչընդոտները…

Էմմա Կիրակոսյան