Foto

Սերժ Սարգսյանը հստակեցրեց խաղի կանոնները

Սերժ Սարգսյանի՝ գործարարների հետ տարեվերջյան հանդիպման ժամանակ ունեցած ելույթում զգացվում էր գործարարներին հասցեագրված հաղորդագրություն առ այն, թե նրանք ինչ պետք է անեն, այսպես ասած, դե յուրե նոր իշխանության պայմաններում: Նախագահի հիմնական խոսքը ուղղված էր խոշորներին, և դա հասկանալի է, եթե փոխվում է խոշոր բիզնեսի վարքագիծը, փոքր հարկ վճարողների մոտ ևս իրավիճակ է փոխվում: Նախագահը իր ելույթում սահմանել է այն հիմնական խաղի կանոնները, որոնք գործելու են տնտեսական դաշտում 2018-ին և այդ կանոնները առաջին հերթին ենթադրում են խոշոր բիզնեսի վարքագծի պահպանումը:  Թեև դա անչափ դժվար խնդիր է, հաշվի առնելով որ Հայաստանի նոր տնտեսական սահմանադրությունը հիմնված է լինելու գործարարների մոտ բազմաթիվ մտահոգություններ առաջացրած Հարկային օրենսգրքի և ԵԱՏՄ մաքսային օրենսգրքի վրա: Նախագահը նաև հորդորեց գործարարներին լինել նախաձեռնող: Այստեղ, իհարկե, իրավիճակը իսկապես հետաքրքիր է, երբ Սերժ Սարգսյանը գործարարներին խորհուրդ է տալիս կամ ուսուցանում է, որ պետք է լինել ավելի փնտրող, նախաձեռնող: Այսինքն՝ մարդիկ, որոնք հենց այդ ամենի շնորհիվ էլ գործարար են, որոնք հայաստանյան դժվարին պայմաններում փորձում են բիզնես անել՝ երբ իշխանությունը սերտաճել է այդ բիզնեսի հետ, նախագահից լսում են, որ պետք է լինել նախաձեռնող: Իրականում, սակայն, Սերժ Սարգսյանն ընդամենը հաղորդում էր նրանց, որ «խեղդվողների փրկության գործը հենց նրանց ձեռքերում է»: Եվ դա՝ պայմանավորված է մեր քաղաքական-տնտեսական օբյեկտիվ իրականությամբ:

Սարգսյանը մեկ այլ ուշագրավ հայտարարություն է արել՝ կապված տնտեսական աճի ցուցանիշների և իր անձնական ակնկալիքների հետ: Նախագահը հույս է հայտնել, որ ի վիճակի ենք ապահովել 6 տոկոսանոց տնտեսական աճ: Ինչ խոսք, սա լուրջ մարտահրավեր է գործող կառավարության համար, և եթե Կարեն Կարապետյանը 2018-ից հետո պահպանի վարչապետի պաշտոնը, ապա նրա համար նշաձողը կտրուկ բարձրանալու է: Մինչդեռ այսօր կառավարությունը լուրջ խնդիրներ ունի, անգամ նախանշված 4-5 տոկոսանոց տնտեսական աճը արձանագրելու հարցում: Տնտեսական ակտիվության ցուցանիշը անշուշտ աճել է, և դա անվիճելի է, սակայն զարմանալիորեն և ցավալիորեն  տնտեսական աճը հասարակության զգալի մասի բարեկեցության վրա պարզապես չի ազդում: 2017թ.-ի 11 ամիսների ընթացքում արտահանման բնագավառում կազմել է 23.5% և գերազանցել 2 միլիարդ 13 մլն դոլարի մակարդակը, իսկ ներմուծման բնագավառում՝ 28.0% կամ 3 միլիարդ 770 մլն դոլարը: Բավական է նաև նշել, որ արտահանման այս աճը հիմնականում արտահայտվել է հանքարդյունաբերության հաշվին: Հասկանալի է, որ հանքարդյունաբերության արտահանման գնով ձևավորված տնտեսական ակտիվության ցուցանիշի աճը որևէ կերպ չի կարող ազդել ՀՀ քաղաքացու կենսամակարդակի վրա: Ավելին, նույն ԱՎԾ ցուցանիշները ենթադրում են, որ 2017-ին ընկել է բոլոր այն մարդկանց կենսամակարդակը, ովքեր զբաղվում են գյուղատնտեսությամբ: Ամենահամեստ հաշվարկներով գյուղատնտեսության շահառու է համարվում մոտ 500 հազար քաղաքացի: Նշանակում է՝ առնվազն այդքան քաղաքացու համար կյանքի որակն ընկել է: Եվ եթե հաշվի առնենք, որ մեր երկրում աճն արձանագրվել է հանքարդյունաբերության շնորհիվ, նշանակում է՝  տասն անգամ պակաս մարդկանց վրա է տարածվել այդ դրական աճի դինամիկան:

Ի՞նչ է ստացվում: Հայաստանը տնտեսական անդունդից դուրս բերելու համար անհրաժեշտ է ոչ թե 6 կամ 7, այլ երկնիշ տնտեսական աճ: Սակայն արդյո՞ք դա իրատեսական է, հաշվի առնելով վերը նշված տնտեսական-քաղաքական օբյեկտիվ իրականությունը…

Լիաննա Ավետյան