ՀՀ ԱԺ արտահերթ նիստում, ի թիվս այլ հարցերի, առաջին ընթերցմամբ ընդունվեց նաև դատական նոր օրենսգրքի նախագիծը: Այն արդեն իսկ հարուցել է ոլորտի փորձագետների և հատկապես փաստաբանական համայնքի դժգոհությունը: Նոր օրենսգիրքը ենթադրում է, որ Երեւանի վարչական շրջաններում այսօր գործող ընդհանուր իրավասության յոթ դատարանների փոխարեն կկազմավորվի մեկը՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը, որն իր կազմում կունենա 66 դատավոր՝ մեկ դատարանի նախագահ և 65 դատավոր: Այսպիսով Հայաստանի դատական համակարգում կձևավորվի մի մարմին, որն իր ազդեցությամբ գրեթե հավասարազոր կլինի ՀՀ վարչական դատարաններին: Այս փոփոխության հետ կապված ամենաուշագրավն այն է, թե նախագծի հեղինակները ինչպես են հիմնավորել Երևանում մեկ ընդհանուր դատարան ձևավորելու անհրաժեշտությունը: Այսինքն` պատրաստվում են ամբողջությամբ փոխել Երևանի ընդհանուր իրավասության դատարանների կառուցվածքը, բայց չեն էլ բարեհաճել պարզաբանել, թե իրենց քայլն ինչպիսի հետևանքներ է ունենալու՝ բացի այսրոպեական պահանջների բավարարումից: Բացի այդ, դատական նոր օրենսգրքի նախագծով փաստաբանների ու դատախազների նկատմամբ որպես սանկցիա կարող է կիրառվել նաև տուգանք՝ մինչև 100 հազար դրամ։ Փաստաբանները սա գնահատում են իբրև իրենց իրավունքները սահմանափակող նոր լծակ:
Խնդիրներ են ի հայտ գալու ոչ միայն փաստաբանների համար: Նոր օրենսգրքով սահմանվում է, որ Վարչական դատարանի կողմից ենթակա են քննության անբողոքարկելի վարչական ակտերի հիման վրա ֆիզիկական անձանց նկատմամբ հանրային իրավական դրամական այն պահանջները, որոնք գերազանցում են հինգ հարյուր հազար դրամը: Օրինակ՝ ճանապարհային ոստիկանության կողմից արձանագրված խախտումների վճարները։ Այսինքն՝ մինչև 500 հազար դրամի վեճի պարագայում վարչական մարմինը դիմելու է ԴԱՀԿ բռնագանձումը իրականացնելու համար։ Իսկ 500 հազար դրամից ավելի տուգանքների դեպքում գործերը գնալու են Վարչական դատարան։ Նշենք, որ գործող օրենսդրությամբ այդ գումարը 200 հազար դրամն է։ Այսինքն՝ մինչև 200 հազար դրամը բռնագանձումն իրականացվում է արտադատական կարգով։ Սակայն անգամ 200 հազար դրամի դեպքում քաղաքացին պետք է կարողանա դիմել դատարան և բողոքարկել այդ ակտը, սակայն նոր օրենսգրքով քաղաքացին զրկվում է դատական կարգով լսված լինելու իր իրավունքից: Գաղտնիք չէ, որ Հայաստանում ամեն քայլափոխի քաղաքացու նկատմամբ հարյուրավոր ապօրինի ակտեր են կայացվում։ Քաղաքացին պետք է կարողանա դրանք բողոքարկել վարչական դատարանում և լսելի լինել։ Իսկ հիմա պետությունն առաջարկում է այդ բեռը դնել հենց քաղաքացու ուսերին։ Գուցե, դատարանները բեռնաթափելուց առաջ լավ կլիներ՝ պատկան մարմինները փնտրեին և վերացնեին պատճառը, թե ինչու են այդքան ակտեր կուտակվում…
Էմմա Կիրակոսյան