Foto

2017-ի 9 ամիսների ընթացքում Հայաստան է այցելել 1.172. 402 զբոսաշրջիկ. Զարմինե Զեյթունցյան

2017-ի 9 ամիսների ընթացքում Հայաստան է այցելել 1 մլն 172 հազար 402 զբոսաշրջիկ: Այդ մասին դեկտեմբերի 19-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ Զարմինե Զեյթունցյանը՝ հավելելով, որ նախորդ տարվա համեմատ աճը կազմում է 21%:

«Ամենաշատ զբոսաշրջիկներ եկել են Ռուսաստանից, Վրաստանից, Իրանից, Ուկրաինայից և ԱՄՆ-ից»,-ասաց բանախոսը՝ ընդգծելով, որ այցելությունների տոկոսային աճով առաջատար է Հնդկաստանը:

Անդրադառնալով զբոսաշրջության զարգացման համար ֆինանսական ներդրումներին, Զարմինե Զեյթունցյանն ասաց, որ դրան տրամադրվել է 200 հազար դոլար, իսկ 2018-ին այդ գումարը կրկնապատկվել է:

«2018 թվականի բյուջեով զբոսաշրջության զարգացմանն ուղղված գումարը կրկնապատկվել է, այն կկազմի 400 հազար դոլար»,-տեղեկացրեց նա:

Հարցին՝ ի՞նչն է նպաստել զբոսաշրջիկների թվի աճին, Զարմինե Զեյթունցյանը պատասխանեց, որ դրան նպաստել է մի շարք երկրների հետ վիզաների դյուրացումը, մասնավոր-պետական համագործակցությունը, և այլն:

Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահն ասաց, որ կրկին առաջնահերթ է մնում Հայաստանն աշխարհին ճանաչելի դարձնելու հարցը:

«Քանի դեռ մենք այն հարցին, թե որտեղից ենք, պատասխանում ենք՝ Հայաստան և հարցեր ենք ստանում, թե արդյոք դա Ալբանիա՞ն է, Ռումիանիա՞ն, որից հետո մենք սկսում ենք բացատրել, թե մենք Թուրքիայի հարևանությամբ ենք գտնվում և այլն... Դրա համար մեզ համար առաջին խնդիրը շարունակում է մնալ Հայաստանն աշխարհին ներկայացնելու հարցը»,-ընդգծեց Զարմինե Զեյթունցյանը:

Vesti.am