Հունվարի 1-ից ուժի մեջ կմտնեն ՀՀ հարկային նոր օրենսգրքի մի շարք կարգավորումներ, որոնց արդյունքում Հայաստանում տարվող հաշվապահական հաշվառումը էապես կփոխվի: Հատկապես փոքր և միջին ձեռներեցների համար հարկային նոր օրենսդրության բացասական կողմերից մեկն այն է, որ առանց փաստաթղթային հիմքի ապրանքներ իրացնելը գնալով դառնալու է անհնար և վտանգավոր: Այլ կերպ ասած` ՀՀ իշխանությունները, չկարողանալով կամ չցանկանալով խոշոր տնտեսվարողներին ստիպել, որ իրենց շրջանառությունը չթաքցնեն, փոքրերին պարտադրում են առանց ձեռքբերման հիմք ունեցող ապրանք չիրացնել:
Հարկային օրենսգրքով նախատեսվում է հաջորդ տարվա հունվարից շրջանառության հարկի շեմը սահմանել 58.3 մլն դրամ՝ ներկայիս 115 մլն դրամի փոխարեն: Այսինքն՝ տարեկան 58.3 մլն դրամից ավելի շրջանառություն ունեցողները կհարկվեն ավելացված արժեքի հարկով: Դժվար չէ կռահել, որ սա լրացուցիչ խնդիրներ է ստեղծելու հենց փոքր ու միջին բիզնեսի համար: Փոքր բիզնեսի մի մասն ու միջին բիզնեսը կանցնեն ավելացված արժեքի հարկի դաշտ: Դա իր հետ կբերի որոշակի ռիսկեր, քանի որ նախ որոշ գործարարներ կարող են մի քանի ընկերություն գրանցել՝ փոքր շրջանառություն ցույց տալու համար, արդյունքում՝ բիզնեսը կարող է գնալ դեպի ստվեր:
Հարկային նոր օրենսգրքով փոփոխվելու է նաև ակցիզային հարկի դրույքաչափը, իսկ դա նշանակում է, որ արդյունքում բենզինի, լիցքավորվող գազի, սպիրտային խմիչքների, ծխախոտի էական գնաճ է լինելու: Եթե, օրինակ, ծխախոտի կամ օղու թանկացումը կարելի է նորմալ, ինչ- որ տեղ նույնիսկ դրական երևույթ համարել, ապա նույնը հնարավոր չէ ասել բենզինի ու սեղմված բնական գազի (ավտոգազի) պարագայում: Եթե ներկայումս 1000 լիտր բենզինի ակցիզային հարկը 25 հազար դրամ է, ապա հունվարի 1-ից կդառնա 40 հազար դրամ: Սա ազդելու է հասարակական տրանսպորտի գնի վրա: Թանկացումից խուսափելու տարբերակ կարող է լինել այն, որ լցակայանները չթանկացնեն գինը, իսկ դա մեր իրականության մեջ հնարավոր չէ:
Եվ թերևս ամենակարևորը. հարկային օրենսգրքի սկզբում կան սկզբունքներ, որոնցից մեկն այն է, որ օրենքը պետք է կայուն լինի, և Հարկային օրենսգրքում արձանագրած այս սկզբունքը հենց՝ նոր Հարկային օրենսգրքով խախտվում է: Ակնհայտ է, որ եթե գրել են՝ հարկային օրենսգիրքը երկար ժամանակի համար խաղի կանոն է սահմանում, բայց մի քանի ամիս չանցած փոխում են այն, ուրեմն խախտում են այդ սկզբունքը:
Լիաննա Ավետյան