Հայ-վրացական բազմահազարամյա բարեկամության մասին բարբառող պատմությունների պակաս երբևիցե չի զգացվել: Ճիշտ է` միգուցե ոմանք այդ բարեկամությունն ամենևին էլ առասպելական չհամարեն, սակայն համենայնդեպս, վերջին տասնամյակների ընթացքում երկու պետությունների միջև ձևավորված հարաբերությունները մեծագույն ցանկության դեպքում անգամ անհնար է անկեղծ բարեկամական որակել: Դիցուք Իրանի հետ այսօր մեր հարաբերությունները շատ ավելի անկեղծ են ու վստահելի, քան, թերևս, վրացիների, որոնք, ամեն բան անում են` նվազեցնելու հայերի ունեցած դերակատարությունը ողջ վրաց պատմության ընթացքում:
Վրաստանն այն երկրների թվին է պատկանում, որտեղ Հայոց ցեղասպանության մասին բարձրաձայնելը ոչ մի կերպ չի խրախուսվում: Թեպետ, տեղի հայերին չեն արգելում սգալ սեփական սուգը, սակայն պետական որևիցե, նույնիսկ ամենացածր մակարդակով հարցը ճանաչված չէ` հակառակ աշխարհի բազմաթիվ այնպիսի երկրների, որոնց անունները հասարակ հայաստանցին երևի թե չի էլ իմանում: Դիցուք հակահայ ենթատեքստ ունեցող ամենաթարմ դեպքը. պարզվում է` Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը Սակրեբուլոյի լիագումար նիստի օրակարգ այդպես էլ չի մտել: Վրացական ԶԼՄ-ները հայտնում են, որ Վրաստանի ընդդիմադիր «Հայրենասերների դաշինքի» պատգամավորների դիմումը Ախալքալաքի ժողովին, որպեսզի Հայոց ցեղասպանությունը ճանաչվի տեղական մակարդակով, չի մտել լիագումար նիստի օրակարգ:
Ինչո՞ւ, այնուամենայնիվ, ի՞նչն է պատճառը, որ վրացիները հայկական թեմաների նկատմամբ զգուշավոր քաղաքականություն են որդեգրել: Սրա պատճառները, թերևս, ակնհայտ են. և՛ թուրքական տարրի զգալի ներկայությունը Վրաստանում, և՛ վրաց-թուրքական ու վրաց-ադրբեջանական հարաբերությունների խորությունը, և՛, ինչու ոչ, հայերի նկատմամբ մի փոքր կողմնակալ ու զգուշավոր վերաբերմունքը, որ վրացական իշխանությունները գրեթե միշտ ունեցել են, այն հիմնական խոչընդոտներն են, որոնք կանգնած են Հայաստանի ու Վրաստանի մեջտեղում` հաղորդելով այդ հարաբերություններին մի տեսակ ձևական, կեղծ բնույթ: Բանն այն է, որ թե՛ Թուրքիան, թե՛ Ադրբեջանը տիրապետում են ազդեցիկ ու անխափան գործիքակազմերի` հարկ եղած դեպքում պատժելու Վրաստանին: Մի կողմից տնտեսական կախվածությունը, մյուս կողմից ժողովրդագրական ռիսկային վիճակը ստիպում են Թբիլիսիին հաշվի նստել թուրք-ադրբեջանկան տանդեմի հետ, դարձնել այն ելակետ նույն Հայաստանի հետ հարաբերություններ կառուցելու հարցում: Բացի դա` Վրաստանը ինչ-որ իմաստով սպառնալիք է տեսնում հայության մեջ` պայմանավորված հատկապես Ջավախքի խնդրի հետ` աչքի առաջ ունենալով արցախյան հիմնահարցը (ճիշտ է` համեմատության եզրեր գրեթե չկան, բայց քաղաքականության մեջ զգուշավորությունը երբեք ավելորդ չի կարող համարվել` մտածում են վրացիները):
Բացի այս` Հայաստանից որևիցե կախում չունեցող պատճառներից` առկա է նաև սուբյեկտիվը, ու որը նույնպես ոչ մի կերպ չի կարելի հաշվի չառնել: Հայաստանն առնվազը վերջին տարիների կտրվածքով Վրաստանի ուղղությամբ լավ պլանավորված դիվանագիտություն չի բանեցնում, ուղիներ չի փնտրում մեզ համար կենսական նշանակություն ունեցող այս երկրի հետ հարաբերությունները նոր մակարդակի բաձրացնելու համար: Միայն Յուրի Վարդանյանն ու Երևանում շուն սատկացնողի համբավ վայելող Սադոյանը բավարար են` այս հարցում մեր ունեցած մոտեցման վերաբերյալ կարծիք կազմելու համար: Կներեք, բայց այնպիսի տպավորություն է, ասես հայաստանյան իշխանություններն այնքան էլ լրջորեն չեն գիտակցում Վրաստանի կարևորությունը մեզ համար, հակառակ պարագայում գոնե ձեռնամուխ կլինեին առնվազը միջին մակարդակի դիվանագետների նշանակմանը այդ երկրում որպես Հայասանի դեսպան: Մինչ այս կամ այն համալսարանում, գիտական-վերլուծական կենտրոններում որակյալ, փորձառու մասնագետներն իրենց կյանքի ոսկե տարիներն են մաշեցնում, այդ ընթացքում չգիտես ինչու անհասկանալի դեմքեր են նշանակվում Վրաստանում մեր երկրի գլխավոր ներկայացուցչի պաշտոնում: Ենթադրելի է, որ այդ նշանակումների տրամաբանությունը մեկն է. նույն համայնքապետների սկզբունքն է գործում. ձայն ես բերել կամ ներդրում ես ունեցել իշխանությունների վերարտադրության գործում, ուրեմն` կեցցես, գնա՛ ու կյա՛նքը վայելիր:
Ու տղերքը վայելում են…
Էռնեստ Ջանփոլադյան